21-րդ դարում արդիական հիմնահարցերից մեկի՝ կիբերանվտանգության եւ դրա կարեւորության շուրջ քննարկում են կազմակերպել Warm School Armenia եւ Family Teaching կենտրոնները։ «Կրթություն հանուն անվտանգության» քննարկումը, սակայն, օրակարգի միակ թեման չէ։ Կիբերանվտանգության դասընթացը միավորել է երկու կենտրոններին։ Արդյունքում Wearm School-ի ուսանողներն իրականացրել են Teaching Center-ի վերաբրենդավորումը։
Աշխատե՛ք լուռ, թող աղաղակեն ձեր նվաճումները. այս կարգախոսով են առաջնորդվում Warm School Аrmenia դպրոցի մասնագետները եւ ուսանողները կրթական ծրագրեր մատուցելիս։ 2018 թվականին Արմեն Քոչարյանի ստեղծած դպրոցում դասընթացների շրջանակում ուսանողներն ունեն հնարավորություն ուսումնասիրելու թվային իրականության մեջ համբավ վայելող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են իլյուստրացիան, անիմացիան, գրաֆիկ դիզայնը եւ վիդեո մոնտաժը:
Նախագծի հեղինակները նշում են, որ իրենց հիմնախնդիրն է միավորել երիտասարդ տաղանդների, որոնք ստանալու են պրոֆեսիոնալ մասնագիտացում՝ մրցունակ դառնալով նաեւ արտաքին շուկայում։ Նրանք կտիրապետեն բոլոր այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են որակյալ թվային արտադրանք ստեղծելու համար։ Երիտասարդ տաղանդների թվում է Աստղիկ Պետրոսյանը, որը ներկայացնում է վերաբրենդավորման արդյունքները։
«Վերաբրենդավորումն իրականացնելիս մենք առաջնորդվել ենք Family Teaching Center-ի՝ «Ընտանիքը պետության ամենագլխավոր օղակն է» կարգախոսով։ Քանի որ երեխաներն ունեն սիրո կարիք, ընտրվել է ամենամեծ սիրտ ունեցող կենդանին՝ ընձուղտը, փոքրիկ ընձուղտի հետ միասին։ Որպես երջանկության խորհրդանիշ՝ ընտրվել է նարնջագույնը»,- ասում է Աստղիկը։
Ընտանեկան ուսուցման կենտրոնի ծրագրերը միտված են բարելավելու կրթության ոլորտում երեխաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Կան շախմատի, խեցեգործության, նկարչության եւ մի շարք այլ դասընթացներ։ Հաշվի առնելով հանրության շրջանում արդիականությունը՝ շարքին է միացել նաեւ կիբերանվտանգության դասընթացը։
«Փորձը ցույց է տալիս, որ մինչեւ 18 տարեկանը երեխաներն իրենց կյանքի չորս տարին անցկացնում են համացանցում, ինչն ունենում է բացասական մի շարք հետեւանքներ։ Մեր թիրախը 7-14 տարեկանների խումբն է, ընտրված է հատուկ մեթոդաբանություն, համագործակցում են հատուկ մասնագետներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես պետք է օգտվել համացանցի օգտագործման անվտանգ կանոններից»,- ասում է կենտրոնի տնօրեն Լիաննա Զաքարյանը։
Family Teaching Center-ի կիբերէթիկայի ուսուցիչ Վիլեն Գրիգորյանը փաստում է՝ ծնողների համար եւս իրականացվելու է վերապատրաստման ծրագիր, որպեսզի նրանք փորձեն «ծնողական վերահսկողություն» իրականացնել երեխաների նկատմամբ։ Այսինքն՝ եթե կան կայքեր, որ երեխան չպետք է մուտք գործի, կան գործիքներ, որոնք արգելում են մուտքը։
«Շատ կարեւոր է, որ ծնողները տիրապետեն համացանցից օգտվելու կանոններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանխարգելեն խնդիրներն ու հետեւանքները։ Մեր նպատակն է ինտերակտիվ դասընթացների արդյունքում սովորեցնել օգտվել անվտանգ կայքերից եւ համացանցային գործիքներից»,- ասում է Վիլեն Գրիգորյանը։
Ծրագրի գործընկերն է էկոնոմիկայի նախարարության «Նորամուծությունների եւ ձեռներեցության ազգային կենտրոնը»։ Կենտրոնի նախագահ Հայկ Մարգարյանը ողջունում է համագործակցությունը եւ միջոցառման ընթացքում իրականացված քննարկումը կիբերէթիկայի վերաբերյալ։ Նա վստահ է, որ նախագիծն իր շուրջն է համախմբել երիտասարդ տաղանդների, որոնք ունակ են մասնագիտական փորձն ու գիտելիքը օգտագործելու կրթության եւ տնտեսության համագործակցության շնորհիվ ստեղծված նախագծերում։
«Մենք աջակցում ենք կիբերանվտանգային իրազեկման նման ակցիաներին, հատկապես ծնողների շրջանում, որպեսզի կարողանանք տարբեր գործիքների շնորհիվ պաշտպանել երեխաներին համացանցի բազմաթիվ վտանգներից։ Մեր կենտրոնը ողջունում է նախագիծը, եւ դռները բաց են մասնագետների առջեւ, որոնք հանդես են գալիս նման արդյունավետ եւ օգտակար ծրագրերով»,- ասում է Հայկ Մարգարյանը։
Ուսանողները ներկայացրին նաեւ կիբերանվտանգության մասին իրազեկող սոցիալական հոլովակներ, որոնք պատրաստել են ստացած գիտելիքների շնորհիվ։
Ալմաստ Մուրադյան