Սեպտեմբերի 1-ից ուսուցիչները հայտարարում են՝ «На старт, внимание, марш!», ու մրցավազքը սկսվում է: Տարեվերջին էլ շրջվում տեսնում են՝ իրենց հետեւում ոչ ոք չկա. մեկը քնած է, մյուսն՝ անտարբեր, երրորդը մնացել է կես ճանապարհին…
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համառոտ այսպես բնորոշեց մերօրյա կրթական համակարգը, որտեղ տեղ չունեն ստեղծարարությունն ու նախաձեռնողականությունը: Մինչդեռ պատանիների կյանքում չափազանց կարեւոր է ձեռներեցական կրթությունը, քանի որ նրանք առավել ազատ են՝ ստեղծագործ դառնալուն առավել պատրաստ:
«Պարտադիր չէ, որ երեխաները հետո գործարար դառնան, կարող են ուսուցիչ դառնալ, գիտնական, քաղաքացիական ծառայող: Ձեռներեցության հմտություններին տիրապետել նշանակում է կարողանալ գիտելիքներն արդյունավետ օգտագործել անծանոթ իրավիճակում»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի կարծիքով՝ մեր միջավայրում իրական ձեռներեցությունը տեսանելի չէ, ուստի պատանիները թյուր կարծիք ունեն ձեռներեցության մասին:
«Ի՞նչ է տեսնում այսօրվա երիտասարդն՝ իր շուրջը նայելով. մոտակա խանութն ու այնտեղ վաճառող «տոտային», երկրի ռեսուրսներն արտահանող ինչ-որ մեկին ու կարծում, որ դա է հաջողված բիզնեսը: Ուստի մենք ոչ միայն պետք է ձեռներեցություն սովորեցնենք, այլեւ միջավայր ձեւավորենք»,- ասում է նա՝ հիմնավորելով, որ ստարտափների տապալման հիմնական պատճառը մեր ներքին մշակույթն է:
Այս ու հետաքրքիր այլ մտքեր փոխանակեցին «Ձեռներեցական կթությունը պատանիների կյանքում» քննարկման բանախոսները: Նրանք բոլորն էլ վստահ են, որ պետք է վերանայել կրթական համակարգը, տեղ տալ նախաձեռնողականությանն ու աստիճանաբար այն վերածել աշխատող համակարգի: Ընդ որում՝ կրթել ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին:
Մինչ այդ խնդիրը փորձում է լուծել «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Startup School նորարարական կրթական ծրագրի միջոցով, որտեղ սաները սովորում են աշխարհին նայել ստեղծողի, ոչ թե սպառողի աչքերով:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) հետ համագործակցության շրջանակում ամփոփվեցին դպրոցի առաջին սերնդի գրանցած արդյունքները: Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Startup School Demo Day Winter 2021» միջոցառումը, որի ընթացքում յոթ ստարտափների հեղինակներ ներկայացրին իրենց նորարարական գաղափարները։
Ձեռներեցներին ու ներդրողներին, թարգմանիչներին ու թարգմանչական ծառայություններից օգտվողներին միավորող ցանցերից մինչեւ ավելորդ թափոններից խուսափելուն միտված առցանց բարտերային հարթակ, փոքրիկների տեսողության վատթարացումը կանխող TV տվիչից մինչեւ նորարարական ֆիլմադարան, անգամ էմոցիաները կառավարելի դարձնող ու բացասական զգացմունքներից ձերբազատող առողջապահական ստարտափներ ներկայացվեցին ժյուրիի դատին:
Իրենց գաղափարը սպառողին, բայցեւ առաջնահերթ ժյուրիին հասկանալի ներկայացնելու համար պատանի ստեղծարարներն ընդամենը երեք րոպե ունեին, որում տեղավորվել նրանց հաջողվում էր: Ժյուրիի անդամներն էլ նրանց լսում եւ ոչ միայն հարցեր էին տալիս՝ պարզելու ստարտափի թույլ եւ ուժեղ կողմերը, առավելությունն ու մրցունակությունը, այլեւ հաճախ, գաղափարից ոգեւորված, առաջարկում մենթոր լինել կամ ինչ-որ կեպ օժանդակել կյանքի կոչելուն:
Հաղթող ստարտափների համար ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից սահմանվել էր երեք դրամական մրցանակ:
KidsKit ստարտափը, որի նպատակը փոքրիկների հեռուստացույց դիտելու ժամանակն ու տարածությունը կառավարելի դարձնելն է, զբաղեցրեց առաջին տեղը եւ ստացավ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում: KidsKit-ի թիմը նաեւ գալիք տարում «Սեւան Ստարտափ Սամիթ»-ին մասնակցելու հնարավորություն կունենա։
Մեկ կադրի կամ մի փոքր հատվածի հիման վրա ֆիլմի մասին ամբողջական տեղեկատվություն գտնելուն օժանդակող Muvix ստարտափը շահեց երկրորդ՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակը:
Երրորդ տեղին արժանացավ SwapIt բնապահպանական գաղափարի թիմը՝ ստանալով 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Այս նախաձեռնության շրջանակում հատուկ վայր կստեղծվի, որտեղ հնարավոր կլինի հին իրերի համար նոր կիրառումներ գտնել ու երկարացնել դրանց կյանքը: Հետագայում պատանիները մտադիր են առցանց հարթակ ստեղծել, ապա՝ բջջային հավելված:
Բացի հանրապետության նախագահի մրցանակներից՝ մրցանակներ շնորհեցին նաեւ միջոցառման գործընկեր կազմակերպությունները:
ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի Lyricio ստարտափին, որի շնորհիվ թարգմանիչները եկամտի նոր աղբյուր ապահովող անփոխարինելի գործիք կունենան։ Այն թարգմանչական ծառայությունների մատուցման հարթակ է, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կարճ ժամանակում փորձառու թարգմանիչ գտնելու եւ ստանալու անհրաժեշտ տեքստի թարգմանված տարբերակը:
TUMO Design ընկերությունը կիրականացնի Skick ստարտափի լոգոյի բրենդինգը։ Այս նախաձեռնությունն էլ օգտատերերին կօգնի ցուցադրելու ու հանրայնացնելու իրենց տաղանդը:
Գործընկեր Domino ProAcamedy-ի մրցանակը ստացավ GOFE ստարտափի թիմը։ Նրանք գրաֆիկ դիզայնի, անիմացիայի, motion գրաֆիկայի եւ 3D մոդելավորման անվճար դասընթացներ կունենան։
Ձեռներեցներին ու ներդրողներին մեկ հարթակում միավորել ցանկացող 4Tuna-ի թիմն էլ «Ապագա Ռեզորթ»-ում հանգստանալու ու Yell Extreme Park-ում զիփլայնով թռիչք կատարելու հնարավորություն ստացավ։
Միջոցառումը գործարար գիտելիքները գործնականում կիրառելու հորիզոններ բացող առաջին մարտահրավերը դարձավ 13-17 տարեկան ստեղծարար պատանիների համար: Այն նաեւ անհաջողությունից դասեր քաղելու, ավելի լավ մտածելու եւ փոփոխությունների մաս լինելու հնարավորություն տվեց:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։