Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ասել է, որ «եթե նրանք [հայերը] Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չունենան, կարծում եմ, որ կարող են հետագայում կրկին տուժել»։
Ալիեւը գիտի, թե ինչ է ասում։ Նա ասում է՝ մենք ունենք աշխարհի աջակցությունը (նաեւ՝ Ռուսաստանի), մեր պետականության արդյունավետությունը աշխարհի համար մենք ապացուցել ենք, իսկ ի՞նչ ունեն ապացուցելու հայերը։ Ալիեւն ասում է, որ հայերը նույնիսկ Ռուսաստանին հետաքրքիր չեն։
Իլհամ Ալիեւն աշխարհին հասկացնում է, որ հայերին պատերազմ պարտադրողն էլ էր Ադրբեջանը, խաղաղություն պարտադրողն էլ կլինի Ադրբեջանը։ Եվ ահա այս ամենի ֆոնին Ալիեւն ասում է չափազանց վտանգավոր մի նախադասություն, որը նա դնելու է դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցությունների հիմքում․«Մենք ավելի շատ պատմական պատճառներ ունենք Հայաստանից տարածքներ պահանջելու»։ Ադրբեջանի նախագահը ասում է, որ եթե հայերը շատ պնդեն, մենք կվերականգնենք պատերազմը, բայց այս պահի դրությամբ մենք դեմ չենք, որ հայերը համաձայնեն իրենց այն տարածքների կորստյան հետ, որտեղ մտել է ադրբեջանական բանակը։
Հարցազրույցի սկզբում Իլհամ Ալիեւն արդեն իսկ որոշակիորեն շոյում է ռուսական ականջը՝ նկատելով, որ ռուսական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում հայերն իրենց խելոք են պահում, իսկ այն հատվածներում, որտեղ խելոք չեն պահում, «մենք նրանց կպարտադրենք»։ Այս հարցազրույցում Ալիեւը չափազանց մարտական է տրամադրված։ Ու պետք է հիշել, որ Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթաց։
Ի՞նչը դուր չի գալիս Ադրբեջանին։ Նա հո գիտի, որ թուրքերն իրենց հերթին են Նիկոլ Փաշինյանին կոչ անելու «խելքը գլուխը հավաքել ու հեռու մնալ Ադրբեջանից», որովհետեւ Ալիեւի համոզմամբ, հայերը դեռ ռեւանշի հույս ունեն։ Իսկ Ալիեւին դուր չի գալիս այն, որ իր տպավորությամբ աշխարհը դեռ չի ամրագրել, չի «փաստաթղթավորել» (թեպետ ծափահարել է) Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ։
Ալիեւն ուղերձներ է հղում, որ չլիցքավորեն հակամարտությունը ու հայերին չսնուցեն հույսերով, թե Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։ Ալիեւը հասկացնում է, որ իրեն է վերապահված վերսկսելու մենաշնորհը, եթե հանկարծ աշխարհը խոսի անավարտ հակամարտությունից։
Ղարաբաղում ամեն ինչ վերահսկելի է ռուսների ներկայությամբ, այդ ներկայությունը փաստաթղթավորված է (իրականում «փաստաթղթավորված» է հենց Ադրբեջանի իրավունքը 5 տարի հետո ռուսներին հասկացնելու, որ իրենց կարիքն այլեւս չկա. կարճ ասած՝ ռուսների ատամները տարածաշրջանում հաշված են), բայց Հայաստանի հետ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կռվի մեջ մտնել, ցանկացած պահի կարող է տարածաշրջանում բարդացնել հայերի կյանքը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: