Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի չորս խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ամասիայում, Աշոցքում եւ Ախուրյանում, անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Եթե Աշոցքում եւ Արթիկում հաղթանակը իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն էր, Ախուրյանում եւ Ամասիայում իրավիճակն այլ էր․ Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։
«Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարելու համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքն անհայտ պատճառով մտափոխվել ու որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։
ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն։
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովից, սակայն, տեղեկացրին, որ նոր ընտրություններ չեն լինի, ըստ օրենքի՝ համայնքը կարող է ղեկավարվել նաեւ 9 մանդատով։
Լուրն առնելուն պես ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներն ու նրանց կողմնակիցները բողոքի ցույցով շտապել էին Գյումրի, Շիրակի մարզպետարանի դիմաց ցույց էին անում՝ պահանջելով նոր ընտրություններ։
Նոր ընտրություններ չնշանակվեցին, փոխարենը տեղի ունեցավ Ամասիայի նորընտիր ավագանու 1-ին նիստն առանց ՔՊ-ականների։ Համայնքի ղեկավար ընտրվեց Ջեմմա Հարությունյանը։
Ախուրյան խոշորացված համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստն անցկացվեց լարված մթնոլորտում։ Համայնքապետարանի շենքի մուտքից մինչեւ մոտակա փողոցը հսկում էին անթիվ-անհամար ոստիկաններ։ Նիստին մասնակցում էին ներկա եւ նախկին պատգամավորներ։
Համայնքի ղեկավարի երկու թեկնածու առաջադրվեց՝ 14 մանդատ ունեցող Հայ հեղափոխական դաշնակցության «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքների համատեղ թեկնածու Արծրունի Իգիթյանը եւ 13 մանդատ ունեցող ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը։
Լարվածությունը մի պահ ցրվեց ՔՊ-ի թեկնածու՝ ավագանու նիստը վարող Ալբերտ Այվազյանի վրիպումով, ով ավագանու անդամներին դիմեց «Հարգելի պատգամավորներ» արտահայտությամբ։
ՔՊ-ի ավագանու անդամ Մարտիկ Մաթոսյանին վրդովել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի ներկայությունը։ Մարտիկը հետաքրքրվեց, թե ինչու է Խաչատրյանը եկել նիստին, եթե նա «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է, իսկ այդ դաշինքը ներգրավված չէր ընտրություններում։
«Պատգամավորի գործունեության երաշխիքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի մասնակցելու, եւ ես իրականացնում եմ իմ իրավունքը»,- պատասխանեց պատգամավորը։
Նիստի ընդմիջումը նույնպես հարթ չանցավ. ՔՊ-ի ավագանու անդամների վրդովմունքի պատճառը մեր հրապարակած նախորդ նյութում «Հաղթանակ» դաշինքի առաջին համար Կարեն Արշակյանի հնչեցրած կարծիքն էր, որտեղ վերջինս վստահություն էր հայտնել, որ իրենց թիմի բոլոր անդամներն անկաշառ են ու երբեք չեն թեքվի թուրքական դրոշի կողմը։
Ի դեպ, վերը նշված նյութի տակ պատգամավոր Արթուր Խաչատրյանը կատարել էր հետեւյալ գրառումը․«Կյանքումս շատ բան կպատկերացնեի, բայց որ Առափիի Ալբերտը կդառնար ՔՊ-ական, երբեք չէի պատկերացնի»։
Ընտրություններն ավարտվեցին, Ախուրյան համայնքի ղեկավարը կրկին ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանն է, ով ղեկավարել է համայնքը երկուսուկես տասնամյակ։
Կողմերը շնորհավորեցին միմյանց՝ խոստանալով ուժերը ծառայեցնել հօգուտ Ախուրյան համայնքի։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։