Դավիթը գրական-բանաստեղծական ծածկանուն չունի, հենց այդպես էլ ստորագրում է՝ Դավիթ Շիրինյան։ Ապրում է Գետավանում։ Այնտեղ ռուս խաղաղապահները հենակետ ունեն՝ դպրոցի հարեւանությամբ։
Բակում մի քանի տղա երեւի ֆիզկուլտուրայի դասի են. ուսուցիչը «աջ դարձ-ձախ դարձ» է կարգադրում։ 1993-ի ապրիլի 4-ին դա գյուղի միակ կանգուն, կտուրը վրան շենքն էր։ Այնտեղ թշնամու զորակայան-զորանոց էր եղել, իսկ տները, մինչեւ հատակի վերջին տախտակը, երկաթե դարպասն ու դուռ-պատուհանները կողոպտված, գարնան արեւին նայում էին կույր աչքերով։ Այդ վայրենի ամայության մեջ ծառերը՝ ծաղկած, գետը՝ հորդացած, հատուկենտ մարդիկ մոլոր կանգնած էին եւ շատ դժվար էին հավատում, թե մի օր Գետավանը շունչ կառնի։
Քսանութ տարի հետո գյուղում բջջային կապը լավ չի գործում։ Զանգում եմ՝ Դավիթն անհասանելի է։ Օգնում է դիմացի խանութ-սրահի վաճառողուհին, որ ինձ երեւի հեռուստատեսությունից է ճանաչում։ Մայրուղին հատում, մտնում է դպրոց։ Ռուս խաղաղապահները սուրճ են խմում։ Խանութի դիմաց սարք է դրված՝ հարյուր դրամի դիմաց կես թղթե բաժակ սուրճ է տալիս։ Զինվորներն ուրախ են, Դավիթը՝ մտախոհ։ Երկուսով են, ինքը եւ զինղեկ Արմեն Գասպարյանը, որ պաշտոնաթող սպա է։ Քսան տարի ծառայել է N զորամասում, վերջին պատերազմում քառասունչորս օր կռվել եւ ոչ մի բնագիծ թշնամուն չի զիջել։
Քառասունչորս օր Դավիթ Շիրինյանը Օմարի լեռնանցք է պահել։ Նոյեմբերի 13-ին ԳԱ գրականության ինստիտուտում աղջիկը թեկնածուական է պաշտպանել։ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս է։ Քառասունչորս օր աղջիկը սպասել է հորը եւ ամուսնուն։ Եղբորը։
Բանաստեղծ Դավիթ Շիրինյանը պատերազմին մասնակցել է ընտանիքով, ինչպես առաջին պատերազմին, երբ հիսուն տարեկան հոր հետ զենք է վերցրել։ Գետավանի դպրոցում իննսուներեք աշակերտ է սովորում։ Ես չեմ հարցնում՝ քի՞չ է, թե՞ այդպես էլ պիտի լիներ։ Նայում եմ Դավիթ Շիրինյանի առանձնատանը, որ շքեղ չէ։ Միայն գեղեցիկ է։
Տուն, այգի, որտեղ Դավիթը մի քանի տեսակ խնձորենիներ ունի, երկու տասնյակ խաղողի որթ, մի քանի փեթակ մեղու։ Դավիթը քսան լիտրանոցից խնձորի օղի է լցնում։ Երկու կեսլիտրանոցը՝ տեղում խմելու, մեկուկես լիտրանոցը՝ որ հետս դնի։ Մեր գյուղերում ավանդույթները դեռ հարգում են։ Նույնիսկ դատարկաձեռն եկած հյուրի հետ մի բան անպայման դնում, տուն են ճամփում։
Եվ որովհետեւ Դավիթը տանը մենակ է, կինն աղջկան տեսության է գնացել, հյուրասիրության հացը կիսում ենք մայրուղու վրա վերջերս բացված «օբյեկտում»։ Օղին բուրում է շոգ օգոստոս եւ հասուն խնձոր, տաք մեղրահաց եւ․․․ չգրված բանաստեղծություն։ Դավիթը քիչ է գրում՝ դասական-հանգավոր բանաստեղծություն, ինչպես նրա աշխարհն է՝ գետը, լեռը, անտառը, մարդիկ, որ միշտ խոսում են դառը ենթատեքստով։
Մի հիսուն տարի առաջ այստեղ սղոցարան է եղել։ Վերեւի գյուղերից մարդիկ իջել, աշխատել են, հետո՝ տնավորվել, եւ քարտեզի վրա հայտնվել է նոր գյուղ՝ Գետավան։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո մայուղուց դեպի Վաղուհաս, Հարությունագոմեր, Վերին Հոռաթաղ, Կոճողոտ եւ Խնկավան տանող ճանապարհներն ասֆալտապատվել են։
Գետավանից հինգ-տասը րոպեում կարող ես բարձրանալ Վաղուհաս։ Դավիթ Շիրինյանի պապական գյուղն է, այնտեղ է միջնակարգն ավարտել։ Արմեն Գասպարյանի պապենական գյուղը Չափարն է։ Այնտեղ սահմանը մի փոքր էլ բարձրանում, կտրում է Աղդաբանը եւ ավարտվում։ Ավելի վերեւում Յանշաղն է՝ Օմարի լեռնանցքի ճանապարհը, որ քառորդ դար մերն էր, հիմա՝ թուրքինը։
Ձորահովտի վրա ծանրակշիռ ներկայություն է մի քանի թաղամասերի Հաթերքը, մի տասը-տասնհինգ տարի այստեղ զրնգացել է Դրմբոնի ոսկու հանքը։ Պաշարները սպառվել են։ Այնտեղ հիմա գրանիտի՞ց, թե՞ տեղական կարմրավուն մարմարից սալիկներ են կտրում, իսկ Սարսանգի ջրամբարը հյուծված է․ ստիպված գործի են դրել ՀԷԿ-ը, եւ Սարսանգն այլեւս չի ծփում, չի խայտում։ Չարեքտարից վեր բոլոր փոքր ՀԷԿ-երը չկան։ Տարածքն անցել է թշնամուն։ Չարեքտարը վերջին սահմանն է, Դադիվանքն անցել է Քելբաջարին։
«Օբյեկտում» մենք ենք միայն։ Մատուցողուհին գրական հայերենով է խոսում։ Գետի ձուկ, տնական հավի «տապակած», խոզի խորոված, թթու, պանիր, տաք տված հաց եւ բաժակից դուրս հորդացող խնձորօղու բույր։
Ձյուն չկա։ Մի տեղ ՊԲ տարբերանշաններով զինվորներ են մարզվում։ Երկու-երեք կիլոմետրի վրա ռուս խաղաղապահների զորակայանն է։ Այդ ճանապարհով՝ անցյալ հոկտեմբերին գրաված Մատաղիսից թուրքի շարասյուները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս, Դրմբոնն անցնում, Գետավանի միջով մեզ մնացած Չարեքտարն անցնում, բարձրանում են Քելբաջար։
Հին, Միր-Ջաֆար Բաղիրովի օրերում բահով-քլունգով մի կերպ բացած ճանապարհը հարթեցրել, Վարդենիս-Մարտակերտ մայրուղի մենք ենք կառուցել, համազգային հանգանակությամբ: Եվ ձորահովտի մեր գյուղերը, Ստեփանակերտը խանդաղատանք են ապրել, որ Արցախը երկրորդ երակով կապվում է Հայաստանին։
Նույն այդ մայրուղով թուրքի շարասյուներն ի՞նչ են տանում՝ ոչ ոք չգիտի, բայց Սոթքի մոտ թուրքը կրակում է։ Եվ այդ զգացողությունից, որ գալիս, մեր միջով անցնում, գնում են մեզ վրա կրակելու, բանաստեղծ Դավիթ Շիրինյանի խաժ աչքերը սեղանի վրա տխրում են։
Տխրում ենք ես, Դավիթը եւ խնձորի օղին եւ Արմեն Գասպարյանը, որ Գետավանի դպրոցի զինղեկն է։ Անձյուն ձմեռնամուտ է։ Գետահովտում այստեղ-այնտեղ աշնանացան նոսր արտեր են։ Դավիթն ասում է. «Ես ուրիշ տեղ չեմ ապրի»։ Կյանք է, ի՞նչ իմանաս։
Դավիթ Շիրինյան
Տարածության խորքից մի մեղեդի դյութիչ
Ահա ինձ է կանչում,
Քեզ գտել եմ կարծես, իմ կորուսյալ կարոտ,
ի՛նձ չեմ ճանաչում:
Դու` սրբազան իմ տենչ, հավերժական իմ կույս`
Աստվածային ու սուրբ,
Խաբկա՞նք է սա, ցնո՞րք, թե՞ հենց սեր է անսուտ-
ինչո՞ւ է ինձ տանջում:
Ես կգժվեմ հիմա, կքրքջամ ու մերթ
Կհեկեկամ անձայն-
Քեզ հաղթեցի մի օր, բայց պարտվեցի ինձնից
Դավաճանի նման:
Ո՞ւր են արցունքներս, ինչո՞ւ է իմ լացը
Զավեշտական այսքան,
Ինքնալքո՞ւմ է, թե՞ ինքնավտարում սա-
հե՛յ, ումի՞ց ես փախչում:
Ես կորցրել եմ եսս, դու գտել ես, սակայն
Ինձ չես դարձնում,
Ո՞ր քարին ինձ զարկեմ, ո՞ւմ խնդրեմ, որ ների-
ո՞ւմ եմ հարցնում:
Խճճվել եմ իմ մեջ, իմ անցյալն ու ներկան
Մենամարտ են տալիս,
Ես պարտվել եմ թեեւ,
Բայց չեմ հանձնվել բնավ,
ո՛չ, ես ինձ չեմ ջնջում:
Ուժ տուր մեկ անգամ էլ, ինձ դարձրու զորեղ,
Դիմակայեմ կրկին,
Դու ես միշտ ինձ կանչել, հեռուների հեռվից`
Հավատով անմեկին:
Ես վատնել եմ եղած իմ ուժերը բոլոր
Ու անզոր եմ մենակ,
Տո՛ւր ինձ մեկ այլ հավատ, ինձ սփոփիր էլի
Այս մղձավանջում…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։