Աշխատա՞նք, թե՞ առողջություն․ հարցադրումը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Մարտին Շախկյանն է անում, որին նրա կարծիքով պիտի պատասխանեն հանքարդյունաբերական տարածքներում ապրողները, մասնավորապես իր համագյուղացիները։
Շախկյանը սեփական հողատարածքները դեռ 2008-ին կորցրած տասնյակ թեղուտցիներից մեկն է, որ «հանրային գերակա շահ»-ով զրկվել է իր ընտանիքի եկամտի միակ աղբյուրից։ Իսկ տարիներ անց, երբ արդարությունը վերականգնելու համար համագյուղացիներով փորձել են պահանջատեր լինել, ոչ մի արդյունքի չեն հասել։ Այսօր նաեւ շրջակա միջավայրին հասցվող վնասների համար են մտահոգ, որովհետեւ աղտոտված տարածքում հենց իրենց առողջությունն է վտանգված։
«Մենք ազդակիր համայնքի բնակիչներ ենք եւ մեզ հետաքրքրում ա մեր գյուղի ապագան։ Մենք ուզում ենք մեր երեխաներին ապրեցնենք Թեղուտում, այլ ոչ թե արտագաղթեն։ Բայց մարդ չգիտի՝ ինչ անի, որ պաշտպանված զգա իրան։ Հիմա էս ընկերությունը, որ անալիզներ վերցրեց, հրապարակեց, գոնե մարդը իրազեկվեց, արդեն պետք ա ընտրություն անի աշխատանքի եւ առողջության միջեւ»,- ասում է Մարտին Շախկյանը, որ իր մի քանի համագյուղացիների հետ ներկա էր Լոռու մարզի քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը։
Նշված հետազոտությունները կատարվել են չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության կազմակերպության կողմից՝ հայկական «ԷկոԼուր» բնապահպանական տեղեկատվական եւ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ների հետ համատեղ։
Չեխ փորձագետների ուսումնասիրության հերթական տարածքները հանքարդյունաբերության ազդակիր Ախթալա, Ալավերդի, Օձուն եւ Ստեփանավան խոշորացված համայնքների 13 բնակավայրերն են եղել, որտեղ նրանք նմուշառումներ են արել շրջակա միջավայրի բաղադրիչներից (հող, նստվածքներ, կենցաղային փոշի), սննդամթերքից (հավկիթ, ձուկ, պանիր, պտուղ-բանջարեղեն) եւ մարդու կենսաբանական ծագման նյութերից (մեզ, մազեր, եղունգներ)։ Ընդհանուր հավաքվել եւ փորձաքննության է ենթարկվել մոտ 400 նմուշ, ինչի արդյունքում էլ կազմվել է մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի վրա ծանր մետաղների ազդեցության պատկերը։
«Առնիկա»-ի փորձագետ Վալերիա Գրեչկոն Լոռու՝ հանքարդյունաբերության ազդակիր Փոքր Այրում բնակավայրում հետազոտությունների արդյունքները ներկայացրեց մի քանի համայնքների բնակիչներին, Լոռու մարզպետարանի, տեղական ինքնակառավարման եւ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին։
Չափազանց մտահոգիչ տվյալներ են արձանագրվել Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում, որտեղ մետալուրգիական արդյունաբերության եւ հանքարդյունաբերության տարածքներում մկնդեղի մեծ քանակությունը ամենախնդրահարույցն է մարդկանց առողջության համար։
Ծանր մետաղների բարձր կոնցենտրացիայի առկայություն կա Դեբեդի՝ Ալավերդու հատվածի հատակային նստվածքներում՝ պայմանավորված պղնձաձուլարանի, պղնձի հանքավայրի պոչանքների եւ նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի հոսքերի հնարավոր ազդեցությամբ։ Իսկ Ախթալայի հատվածում գետի աղտոտվածությունն, ըստ փորձագետների, Ախթալա գետի ազդեցությամբ է պայմանավորված, որը Դեբեդի վտակն է եւ հոսում է պոչամբարների, քարհանքերի, լցակույտերի տարածքով։
Ինչ վերաբերում է հետազոտված սննդամթերքին, ապա Ալավերդիում նմուշառված հավերի ձվերը ցույց են տվել դիօքսինների եւ դիօքսինանման նյութերի բարձր մակարդակ։ Տասը տարեկան երեխայի համար գերազանցումը կազմել է սահմանաչափի 520%-ը, իսկ մեծահասակների համար՝ 260%-ը։
Կենսաբանական ծագման նյութերից մարդկանց մազերում պղնձի եւ կապարի ամենաբարձր կուտակումը նկատվել է Հաղպատից, Ալավերդուց եւ Մղարթից վերցված նմուշներում, ինչը խիստ վտանգավոր կարող է լինել վերարտադրողական տարիքի կանանց առողջության համար։
Հետազոտությունների արդյունքներով մեծ հարվածի տակ է երեխաների առողջությունը․ նրանց մեզի նմուշներում ծանր մետաղների առկայության ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեծահասակների դեպքում։ Իսկ ծանր մետաղների առկայությունը ենթադրում է աղտոտվածության երկարաժամկետ ազդեցություն, որովհետեւ դրանք եւ կայուն օրգանական նյութերը արագ չեն քայքայվում եւ երկար ժամանակ մնում են շրջակա միջավայրում։
«Ոչ մի բնակիչ եւ համայնքի ղեկավար չի ցանկանա շրջապատված լինել նման տվյալներով։ Խնդիրը գլոբալ է, եւ պետական մոտեցում է պետք։ Ես՝ որպես համայնքի ղեկավար, դեմ եմ էն տեսակետին, որ հանքարդյունաբերություն չլինի։ Լինելու է, բայց հնարավորինս մեղմված, էկոլոգիական ռիսկերից հնարավորինս ազատ»,- ասաց Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը Լոռու մարզի քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո։
Ընկերություններին պատասխանատու հանքարդյունաբերական գործելակերպ պարտադրելուն ազդակիր համայնքների գրեթե բոլոր ղեկավարներն են կողմ։ Բայց դա ոչ թե իրենց, այլ պետության գործառույթն են համարում, որը պետք է իրականացվի օրենքի ուժով։
Ըստ Ախթալա համայնքի ղեկավարի՝ եթե ՏԻՄ-ն, օրինակ, պոչամբարի խնդիրներով պայմանավորված պարտադրի Լեռնահարստացուցիչ կոմբինատին փակման գնալու, ապա համայնքը մեկ այլ ավելի մեծ՝ սոցիալ-տնտեսական խնդրի առաջ է կանգնելու․ կոմբինատի 500 աշխատակիցներից 430-ը Ախթալայի բնակիչներ են։
Իսկ լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր ճարտարագետ Դավիթ Աբգարյանը հանքարդյունաբերության հետեւանքով տեղի բնակչության վտանգված առողջությունը վերականգնելուն ուղղված իրենց գործողություններն այսպես ձեւակերպեց՝ ընկերությունն ամեն ինչ անում է հարակից տարածքների բնակիչների առողջության պահպանման համար, ինչով կարողանում, օգտակար ենք լինում։ Այսքանը։ Կոնկրետ ծրագրեր չեն նշվում։ Իսկ շրջակա միջավայրի, մասնավորապես Ախթալա գետի աղտոտվածության ցուցանիշների վերաբերյալ պարզաբանումը հետեւյալն էր․
«Գետի եզրերին հարյուրավոր տարիներ առաջվա կուտակումներ կան, անձրեւների ժամանակ դա էլ նպաստում է արտահոսքերին։ Ախթալայից սկսած եւ մինչեւ Շամլուղ չհասած շատ են թափոնակույտերը։ Շամլուղի հանքավայրում էլ կան հին հանքուղիներ, որոնք այս պահին չեն շահագործվում ընկերության կողմից։ Հիմնականում, եթե աղտոտվածություններ լինում են, այդ հին հանքուղիներից արտահոսած ջրերի արդյունքում են լինում։ Մեր կողմից շահագործվող հիմիկվա հանքուղիներից ջրի արտահոսք չի լինում դեպի գետը»,- ասաց ԼՀԿ գլխավոր ճարտարագետն ու տեղեկացրեց, որ արտադրական պոչերը չորացվում են նոր արտադրամասում եւ տեղավորվում նախկին բաց հանքի տարածքում։
«Թեղուտ» ընկերության բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանն էլ հերքեց Թեղուտի պոչամբարից արտահոսող ջրերով Շնող գետի աղտոտված լինելու փաստը՝ բացառելով պոչամբարից ջրային ռեսուրսների արտահոսքը։ Ըստ պաշտոնյայի՝ 2019 թվականից սկսած հանքում առաջացող հանքաջրերը սկսել են կառավարվել, կառուցվել են ջրավազաններ, եւ հանքերից եկող ջրերն այժմ ուղղվում են պարզարաններ։
Քննարկմանը ներկա Թեղուտի բնակիչներից մեկը հակադարձեց Արմեն Ղարագյուզյանին՝ ասելով, որ իրենք գյուղացիներով հաճախ են ֆիքսում գետի աղտոտված վիճակը։ Ղարագյոզյանը դա պայմանավորեց վթարային իրավիճակներով ու տեղումների մեծ քանակով, ինչի պատճառով գետն աղտոտվում է։
«Կլինեն էդպիսի դեպքեր, բայց դա համատարած չէ։ Կան հեղեղատարեր, բայց կան նաեւ այնպիսի տեղումների քանակներ, որոնց պատճառով աղտոտված մասսայի որոշակի մասը կարող է թափվել գետ»,- տեղեկացրեց «Թեղուտ» ընկերության ներկայացուցիչն ու հորդորեց գյուղացիներին նման դեպքերում ահազանգել։
Լոռիում աղտոտված շրջակա միջավայր ունենալու իրողությամբ մտահոգ են բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչեւ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։ Բայց բոլորի կարծիքով էլ խնդրի լուծումն իրենց գործողությունների տիրույթում չէ։ Մինչդեռ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ հանքարդյունաբերողներին պատասխանատու գործելակերպ պարտադրելու համար Լոռու մարզի քիմիական աղտոտվածությունը ներկայացնող տվյալներն առանցքային են։ Իսկ ՏԻՄ-ը տեղական մակարդակում պետք է ունենա հստակ սահմանված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որով կդիմագրավի էկոլոգիական խնդիրներին եւ կկարողանա կարգավորել հարաբերությունները հանքարդյունաբերական ընկերությունների հետ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։