Ռուսաստանի վիրուսաբանության ու կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը «Ռոսպոտրեբնադզորի» կայքում հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի լուսանկարը:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ գիտնականները պնդում են, որ այն վայրում, որտեղ ձեւավորվում է վիրուսային մասնիկը, բջիջների թաղանթը փոխվում է: Վարակի կառուցվածքային սպիտակուցները դասավորվում են դրա մեջ, իսկ հետո մակերես են դուրս գալիս ու որոշում իրենց «պահվածքն» այլ բջջի հետ հանդիպելիս։
Վիրուսով վարակվելուց հետո վեցերորդ օրը բջիջներն առանձնացվել են հատուկ սրվակների մակերեւույթից, որոնցում դրանք աճեցվել են: Սպիտակուցները, որոնցից բաղկացած է վիրուսը, սինթեզվում են ցիտոպլազմայում ու որոշակի ֆիզիկական եւ քիմիական պայմանների պահպանման դեպքում թափանցում ներս՝ ձեռք բերելով լրացուցիչ թաղանթ:
Գիտնականները նշել են, որ «Օմիկրոնի» դեպքում անսովոր է, որ վիրուսը դանդաղ է հավաքվում, ու ի տարբերություն այլ մանրէահիմքերի՝ վարակի վեցերորդ օրը զանգվածային բջջային մահ չի առաջացնում։ «Օմիկրոնով» վարակվելուց հետո բջիջների վիճակը համապատասխանում է այլ մանրէահիմքերով վարակվելու երկրորդ-երրորդ օրվան։
Ավելի վաղ Հոնկոնգի համալսարանը հրապարակել էր էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի պատկերը։
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։
Պաթոլոգիայի եւ վարակաբանության ոլորտի մասնագետները կապիկի երիկամների բջջի էլեկտրոնային միկրոլուսանկար (Vero E6) են արել SARS-CoV-2 «Օմիկրոն» տարբերակով վարակվելուց հետո: Համալսարանը հրապարակել է պատկերի խոշոր ու փոքր տարբերակները։