ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական բանակցություններ սկսելու Կրեմլի հետ մի քանի ուղղություններով՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի եւ ԵԱՀԿ-ի միջոցով:
Միեւնույն ժամանակ պաշտոնական Վաշինգտոնը հասկացրել է, որ Մոսկվան պետք է փարատի Արեւմուտքի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ իր ռազմական կարողությունների զարգացման առնչությամբ:
«Ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա եւ հաշվի առնի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մեր մտահոգությունները»,- Ուշակովին ասել է Սալիվանը։
Խորհուրդ է տալիս խուսափել Ուկրաինա մեկնելուց
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը միաժամանակ խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել Ուկրաինա մեկնելուց Մոսկվայի կողմից «ավելացած սպառնալիքների» պատճառով, ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պայմաններում:
Պետքարտուղարությունն իր նոր հանձնարարականներում նշել է՝ ամերիկացիները պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ, եւ որ իրավիճակը երկրում կարող է վատթարանալ:
Պետդեպը հավելել է, որ եթե ամերիկացիները այդուհանդերձ որոշեն այցելել, պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում ցանկացած վայրում լրջորեն կազդեն ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայություններ մատուցելու, այդ թվում՝ ամերիկացիներին Ուկրաինան լքելու հարցում օգնելու կարողության վրա:
ԱՄՆ ռազմական հետախուզության պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանը շուրջ 70 հազար զինվոր է տեղակայել Ուկրաինայի սահմաններին եւ չեն բացառել, որ Մոսկվան մտադիր է հաջորդ տարվա սկզբին ներխուժել այդ երկիր:
Մոսկվան պարբերաբար հերքում է Ուկրաինայի ներխուժման մասին ենթադրությունները, միաժամանակ ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի Հյուսիսատլանյան դաշինքին։