Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը:
«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանելու կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրանց ջանքերի շնորհիվ հիմնականում բարելավվել է հումանիտար իրադրությունը, անցկացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները, պահպանվել են պատմության եւ մշակույթի հուշարձանները»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության եւ դիմացկունության համար:
ՌԴ խաղաղապահ զորակազմը 2020-ի նոյեմբերի 9/10-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով տեղակայվել է շփման ամբողջ գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով 5 տարի ժամկետով:
Այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: