ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 22-ին՝ 12:00-17:00-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկությանը, ձեւավորել հանրային բարձր գիտակցություն պատվաստման կարեւորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցներ:
Հայաստանում մինչեւ դեկտեմբերի 20-ը կորոնավիրուսի դեմ կատարվել է 1546632 պատվաստում։ ՀՀ-ում պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզեւրիա»), «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։ Առաջիկայում Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։