Ըստ իտալական ANSA (Agenzia Nazionale Stampa Associata) գործակալության՝ Հռոմի դատախազությունն ու զինդատախազությունն ավարտել են հետաքննությունը Ռուսաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող եւ զինվորական բանտում գտնվող զինծառայող Վալտեր Բիոտի նկատմամբ:
Գործակալության տվյալներով՝ դատախազությունը Բիոտային կարող է հանձնել դատարան՝ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորզման եւ հրապարակման մեղադրանքով:
Իտալիայի ՊՆ Գլխավոր շտաբի աշխատակից Բիոտան ձերբակալվել է այս տարվա մարտի 30-ին ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ Հռոմի կայանատեղիներից մեկում:
Նրանց մոտ հայտնաբերվել են տվյալների կրիչներ եւ կանխիկ փողով լի տուփ: Իտալական իշխանությունների որոշմամբ դեսպանատան կցորդն ու նրա օգնականը լքել են երկրի տարածքը:
Իտալիայում տեղի ունեցածը որակել են իբրեւ «թշնամական գործողություն» ռուսական կողմից: Ռուսաստանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել դիվանագետների արտաքսման կապակցությամբ: Ավելի ուշ ՌԴ-ից արտաքսվել է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան ռազմական կցորդը:
Զբաղվել են իսլամի գաղափարների տարածմամբ
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ռուսաստանում իրավապահ մարմինները նկարահանումներ անելիս ձերբակալել են ստամբուլյան GZT պարբերականի թղթակիցներ Նազգյուլ Քենժեթային ու Էմին Քարաչաքին: Թուրք լրագրողները փաստագրական ֆիլմ էին նկարում Ռուսաստանի թյուրքական համայնքների կյանքի մասին: Նրանց ձերբակալել են Խակասիայի Հանրապետության ծայրահեղականության դեմ պայքարի աշխատակիցները:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Թուրք թղթակիցների իրերը բռնագրավվել են: Նրանց պնդմամբ՝ իրենց նկարահանած բոլոր նյութերը ոչնչացված են, իսկ իրենց դեմ լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ մեղադրանքներ են հարուցվել: Ավելի վաղ Քենժեթայն ու Էմին Քարաչաքը ձերբակալվել էին Յակուտիայում եւ Ալթայում, բայց տուգանք վճարելուց հետո նրանք ազատ են արձակվել:
Ընդսմին, ռուսական լրատվամիջոցներում հրապարակվել են տվյալներ, որոնց համաձայն՝ ստամբուլյան պարբերականի թղթակիցները ՌԴ-ում զբաղվել են հակառուսական քարոզչությամբ եւ իսլամի գաղափարների տարածմամբ: