Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, դրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուս-ֆրանսիական ամենաբարձր մակարդակով պարբերական շփումներին համահունչ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել իրադրության կայունացման եւ խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Վերոնշյալ հարցերում, ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության, Ռուսաստանն ու Ֆրանսիան ինչպես այժմ, այնպես էլ հետագայում մտադիր են համաձայնեցված գործել:
Օրվա ամենահրատապ թեմայով
Կողմերը քննարկել են նաեւ եվրոպական մայրցամաքում կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցեր։ Այս համատեքստում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության երաշխիքների եւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագծերին, որոնք ուղարկվել են համապատասխան հասցեատերերին, այդ թվում՝ ֆրանսիական կողմին, ապա հրապարակվել են։
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է այս թեմայով ՌԴ դիվանագիտական աշխատանքների մասին։
Russia Today-ի մասին
Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Վլադմիր Պուտինն ուշադրություն է դարձրել այն սահմանափակումներին, որոնց Ֆրանսիայում շարունակում է ենթարկվել Russia Today լրատվական ալիքը։ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Russia Today ալիքին կտրամադրվեն առանց խտրականության աշխատելու նույն հնարավորությունները, որ Ռուսաստանում ունեն ֆրանսիական լրատվամիջոցները։