Վանի Նալպանտեանը սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղափոխվել 2012-ին եւ շատերի նման այստեղ սոցիալ-տնտեսական մի շարք դժվարությունների առջեւ է կանգնել: Մայրաքաղաքում բնակարան ստանալու անվերջ ձգձգվող գործընթացը, ֆինանսական խնդիրները ստիպեցին նրան ընտանիքի հետ Արմավիրի մարզ՝ Մուսալեռ տեղափոխվել, բնակարանի հարցը սեփական միջոցներով լուծել:
«2012-ին եկանք, շատ դժվար էին պայմանները, մենակ էինք, ամեն ինչ նորություն էր, ոչ մի առավելություն չկար սկզբնական շրջանում: Պետական աջակցությունները սկսվեցին միայն 2013-ին: Հետագայում ճանապարհը ցույց տվեց, ինչու չէ, եթե մենք պետք է ապրենք այստեղ, ուրեմն պարտավոր ենք ճանապարհն ինքներս գծել»:
Վանին 2017-ին հիմնել է մանկական հագուստ արտադրող «Վան» ապրանքանիշը, այսօր նաեւ էկոպայուսակներ արտադրող «Նոր Արեւ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է: Սեփական փորձը ներկայացրեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնած «Կանանց տեղահանումը. առանձնահատուկ ազդեցությունը կանանց վրա եւ մարդու իրավունքների պաշտպանության համար կենսունակ լուծումների որոնում» միջազգային կոնֆերանսի ընթացքում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը, խոսելով սիրիահայերի հիմնախնդիրների մասին, շեշտեց, որ վերջին տասը տարում նրանց մեծ մասը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, քչերն են պահպանել փախստականի կարգավիճակ: Այսօր էլ շարունակվում է Սիրիայից մեր հայրենակիցների ներգաղթը:
2018-2020 թվականներին Սիրիայից 2380 դիմում են ստացել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչն, ըստ Ալեքսանյանի, մեծ թիվ է: «Կառավարությունը տարբեր միջոցառումներով փորձել է լուծել առողջապահական, կրթական, բնակարանային խնդիրները: Ասել, որ խնդիրն ամբողջովին լուծված է , սխալ կլինի, քանի դեռ կարիքները կան, խնդիրները դեռեւս ամբողջովին ծածկված համարել չի կարելի: Մերձավոր Արեւելքը խաղաղ չէ, սիրիահայերին են միացել նաեւ Լիբանանի մեր հայրենակիցները։ Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, նրանք եւս ներգաղթում են Հայաստան»:
Ամբողջ աշխարհում 41 միլիոն ներքին տեղահանվածներից կեսից ավելին կանայք ու աղջիկներ են: Թեեւ տեղահանման բեռը հավասարապես բաշխվում է տղամարդկանց ու կանանց միջեւ, ներքին տեղահանության պայմաններում ապրելու փաստացի ազդեցություններն ու բացասական հետեւանքներն ավելի շատ կրում են կանայք, հատկապես կենսաապահովման, անվտանգության, առողջության ու կրթության ոլորտներում:
«Մենք ունենք մեծ թվով կանայք, որոնք տեղահանվեցին Արցախյան վերջին պատերազմի հետևանքով: Չունենալով որեւէ կարգավիճակ, իրավունքներ չճանաչված երկրում, անցնելով սահմանը՝ նրանք այս պարագայում էլ չունեն պաշտպանություն: Ունե՛ն պաշտպանություն միայն Հայաստանի կողմից, ծրագրեր, իրավաբանական ձեւակերպումներ, բայց չունեն միջազգային պաշտպանություն»: «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանն ասում է՝ եթե, օրինակ, տեղահանված արցախցիները ցանկանան դուրս գալ երկրից, այս պարագայում էլ խոչընդոտներ կունենան:
Մանկավարժ, լոգոպեդ Սուսաննա Հայրապետյանը պատերազմից առաջ Շուշիում վարձակալությամբ էր ապրում, դասավանդում էր Ստեփանակերտի պետհամալսարանում: Պատերազմից հետո ընտանիքով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում են ապրում: 20 տարվա դասախոսն ու նրա ամուսինն այսօր փաստացի անգործ են: Վերջերս նրան գյուղի դպրոցում ուսուցչի օգնականի աշխատանք են առաջարկել: «Մենք փորձում էինք մի ելք գտնել, մեր հնարավորությունները, իմ կարողությունները ինչ-որ ձեւով իրականացնել: Բացեցինք զարգացման կենտրոն, շատ լավն էր, ժողովուրդն էլ սիրեց, երեխաներն էլ: Մենք տարածք էինք վարձակալում, որը բավական թանկ էր, չորս ամիս ձգեցինք՝ հույս ունենալով, որ ավելի կճանաչեն մեզ, բայց հետո տեսանք՝ չի արդարացնում, փակեցինք: Հիմա մտածում ենք՝ ինչ անենք, թխվածքի արտադրամաս բացենք, հետագայում մտածում եմ լոգոպեդական գործունեություն ծավալել»:
Գյուլնարա Շահինյանն ասում է՝ կոնֆերանսի նպատակը տեղահանվածների ձայները տեղ հասցնելն է, ձայները լսելի դարձնելը: Քաղաքականություն ձեւավորելու համար, ըստ նրա, պետք է հասկանալ՝ ինչ իրավիճակում են մարդիկ: «Հրավիրել ենք մարդկանց Արցախից, Մարտունիից, Գորիսից եւ տարբեր հաստատություններից, որոնք կխոսեն իրենց վիճակի մասին»: Գորիսը սեպտեմբերի 27-ից ՀՀ տարածքում առաջիններից է կրել Արցախում պատերազմի հետեւանքների ծանրությունը: Համայնքը ստիպված է հարմարվել նոր` սահմանամերձ բնակավայրի կարգավիճակին:
«Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ծրագրերի մշակման ղեկավար Աննա Ալեքսանյանը խոսեց այն մասին, թե պատերազմն ինչպես է ազդել բնակիչների թե՛ անվտանգության զգացողության, թե՛ տնտեսության վրա, ինչն էլ, ըստ նրա, արտագաղթի համար լուրջ հիմք է:
Հակամարտություններ, պատերազմներ, քաղաքական, հումանիտար պատճառներ… տեղահանության դեմքերն, իհարկե տարբեր են, բայց դրանց պատճառած վնասները գրեթե նույնն են: Տեղահանվածներն ամբողջ աշխարհում առերեսվում են նո՛ւյն՝ բնակարանային, կարգավիճակի, զբաղվածության, առողջապահության եւ կրթության մատչելիության խնդիրներին: Տարբեր երկրներ ներկայացնող կին հետազոտողները հանդես եկան իրավիճակների վերլուծությամբ:
«Զիմբաբվեից մի կին խոսեց, թե քովիդն ու տեղահանումներն ինչպես են ազդել երեխաների կրթության վրա. երեխաների գրեթե 80 տոկոսը դուրս է մնացել կրթությունից: Բելառուսը շատ սպեցիֆիկ է իր քաղաքական տեղահանվածության պատճառով: Ինչպես են, օրինակ, մարդիկ դառնում քաղաքական տեղահանված իրենց կամքից անկախ: Իսկ եթե չես ուզում դառնալ տեղահանված, դու բռնության ես ենթարկվում բանտերում»,- աշխարհում տիրող իրավիճակի մի քանի օրինակ բերեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Իշխանյանը:
Միջազգային աշխատանքային խմբեր կկազմվեն՝ ՄԱԿ-ի ուշադրությունը գրավելու տեղահանվածների խնդիրներին, կհրատարակվի բոլոր զեկույցներն ու առաջարկություններն ամփոփող գիրք, որը կներկայացվի միջազգային կառույցներին ու կազմակերպություններին:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։