Ըստ իտալական «Նովա» գործակալության՝ իտալացի 26 պատգամավորներ համատեղ հայտարարությամբ գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից կալանավորված 10 հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ։
Նրանք եվրոպական միջնորդությամբ արձանագրված բարելավման կարեւոր ազդակներ են տեսնում: Պատգամավորները լիահույս են, որ սա ապօրինի կերպով պահվող բոլոր կալանավորվածների ազատ արձակման միայն սկիզբն է, եւ որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով:
Իտալացի պատգամավորները դեկտեմբերի 10-ին բազմակուսակցական կոչ էին ստորագրել՝ ուղղված վարչապետ Մարիո Դրագիին՝ խնդրելով Արեւելյան գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար նախապայման դարձնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով կալանավորված ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների ազատ արձակումը։
Համատեղ հայտարարությունը ստորագրած պատգամավորներն են՝ Էնրիկո Այմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրերի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Էլենա Մորելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլիո Պատասինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, Մատտեո Սալվինի, Օրիետտա Վանին։