Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձեւաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, եւ անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարելու Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձեւաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռեւս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձեւերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։