Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ է անում անվերապահորեն վերադարձնելու Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Նա շեշտել է, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ, կարեւոր նախազգուշացում էր Եվրոպային։
Ըստ նրա` Ֆրանսիայի կառավարությունը եւս հստակ ձեւակերպել է, որ այդ պատերազմի պատասխանատվությունը ամբողջությամբ Ադրբեջանի վրա է ընկնում, նա է սանձազերծել պատերազմը Թուրքիայի հետ միասին եւ նաեւ որոշ սիրիացի ջիհադիստների օժանդակությամբ։
«Շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարեւորությունը եւ մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետեւ Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են»,- ընդգծել է Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։
Վալերի Պեկրեսը 2015-ի դեկտեմբերի 18-ից Փարիզը եւ նրա անմիջական արվարձաններն ընդգրկող Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թվականի հուլիսին «Հանրապետականներ» ցենտրիստական կուսակցության անդամ Վալերի Պեկրեսը հայտարարել է 2022-ի ապրիլին տեղի ունենալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: