Պակիստանի տեղեկատվության եւ հեռուստառադիոհեռարձակման նախարար Չաուդրի Ֆավադ Հուսեյնը հայտարարել է, որ Պակիստանը, Թուրքիան եւ Մալայզիան մտադիր են համատեղ հեռուստաալիք ստեղծել՝ զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ամրապնդման նպատակով: Ըստ նրա՝ Պակիստանում, Մալայզիայում եւ մահմեդական մյուս երկրներում ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտություն կա:
Ավելի վաղ՝ դեռ 2019-ի սեպտեմբերին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ երեք երկրները կստեղծեն համատեղ անգլիախոս հեռուստաալիք, որն իր առջեւ նպատակ կդնի պայքարելու իսլամատյացության դեմ, ինչպես նաեւ կփորձի արմատախիլ անել մահմեդական կրոնի վերաբերյալ թյուր պատկերացումները:
Պակիստանն ու Թուրքիան արդեն իսկ համատեղ ձեռնարկել են մահմեդական գործիչներ Սալահ ադ-Դին Սալադինի եւ Աբդուր Ռահման Փեշավարիի մասին կենսագրական հեռուստասերիալներ նկարանհանման աշխատանքներ:
Պատմական տեղեկանք
Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը ղեկավարել է Լեւանտում* խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքները։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը եւ Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։
Ծագումով պակիստանցի դիվանագետ Աբդուր Ռահման Փեշավարին Մուսթավա Քեմալ Աթաթուրքի դեսպանորդն էր Աֆղանստանում: Սպանվել է Ստամբուլում մահափորձի ժամանակ ստացած մահացու վիրավորումից:
*Լեւանտ-Միջերկրածովյան տարածաշրջանի արեւելյան հատվածի երկրների (Սիրիա, Լիբանան, Իսրայել, Հորդանան, Եգիպտոս, Թուրքիա (պատմական Մեծ Հայքի հարավարեւմտյան մասը) ընդհանուր անվանումը, իսկ նեղ իմաստով՝ Սիրիան, Իսրայելը, Պաղեստինը եւ Լիբանանը։