Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2021-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» մանրէահիմք չի հաստատվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմք է գրանցվել աշխարհի 106 երկրում։
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդերլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
Երկու դեպք հարեւան Վրաստանում
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն դեկտոեմբերի 20-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը, թեստավորում է անցել նրանց հետ շփված 26 մարդ։
«Երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք այցելել են ԱՄՆ եւ Դուբայ, նրանք մեկուսացման մեջ են: Ուսումնասիրում ենք նաեւ վարակվածների հետ շփված 26 անձի»,- հավելել է Գամկրելիձեն։
Թարմացում
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք։ Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։
Նա նշել է, որ թիրախային խմբում 20-45 տարեկան անձինք են: Փոխնախարարը չի բացառել, որ վարակը կարող է տարածվել նաեւ երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։
Ենթադրում են, որ վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ «Օմիկրոն» մանրէահիմքով կարող են վարակվել թե՛ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածները եւ թե՛ պատվաստվածները։