ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի եւ տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ:
Ստեփանակերտից եւ հարակից բնակավայրերից ուխտավորները ժամանել են Մարտունու շրջան` մասնակցելու Ամարաս վանական համալիրում ընթացող եկեղեցական պատարագին։ Ուխտավորների մեջ են եղել նաեւ Շուշիի համալսարանի ուսանողները։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը նշել է, որ Սուրբ Ծննդյան տոներից առաջ կտրուկ աճել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը, դա վերաբերում է նաեւ Ամարասի եկեղեցական համալիրին։ Ըստ նրա՝ ուխտավորների թվի ավելացման հետ կապված հավելյալ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորախմբի վրա՝ ապահովելու այդ վայրեր այցելության անվտանգությունը։
«Խաղաղապահները կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,– ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը։ Խաղաղապահներն ապահովում են նաեւ ուխտավորների անվտանգությունը ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ:
«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք ապահով հասանք Ամարաս։ Մեր կողքին դեռ խաղաղապահներ են կանգնած, եւ մենք մեզ ապահով ենք զգում»,- ասել են Շուշիի համալսարանի ուսանողները։