ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան կիբերհանցագործությունների դեմ պայքարի համատեղ վարժանքներ կանցկացնեն։
«Մենք ակնկալում ենք, որ արդեն 2022-ի սկզբին տեղի կունենան կիբերհանցագործությունների դեմ պայքարին նվիրված ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքները։ Դրանք առաջին անգամ կանցկացվեն Ուկրաինայում՝ հենց Կիեւում»,- հայտարարել է Ուկրաինայի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գծով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
Ըստ The New York Times-ի՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարում մասնագիտացած ամերիկյան եւ բրիտանական հատուկ խմբեր արդեն Ուկրաինայում են։ Թերթը նշել է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը մասնագետներ են ուղարկել Կիեւ, քանի որ ուկրաինական ենթակառույցները Ռուսաստանի կողմից իրականացվող կիբերհարձակումների մշտական թիրախում են։
The New York Times-ը գրել է, թե ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է փորձել հաքերների օգնությամբ տպավորություն ստեղծել, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զուրկ է կառավարման հմտություններից ու անպաշտպան է: Բացի դրանից, կիբերհարձակումների միջոցով Ռուսաստանը կարող է իրական հարձակման պատրվակ ստեղծել:
Թերթը նշել է, որ ուկրաինական ենթակառույցների դեմ հաքերային հարձակումներ նախկինում եւս եղել են, որոնք համընկել են ամանորյա տոների հետ: 2015-ին հաքերային հարձակման հետեւանքով հոսանքազրկվեց Ուկրաինայի տարածքի զգալի մասը։ Հաջորդ տարի նույնը տեղի ունեցավ արդեն մայրաքաղաք Կիեւին հարակից շրջաններում:
The New York Times-ն ընդգծել է, որ Կրեմլում Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման վերաբերյալ վերջնական որոշում չկա, քանի որ Ռուսաստանի իշխանությունները լավ գիտեն, որ հարձակմանն անխուսափելիորեն հետեւելու են արեւմտյան պատժամիջոցները։ Նման պարագայում կիբերհարձակումները լավագույն տարբերակն են։
Պարբերականը շեշտել է նաեւ, որ կիբերհարձակումները թերեւս անպատիժ մնան, քանի որ Ռուսաստանը կտրականապես կհերքի, թե որեւէ առնչություն ունի դրանց հետ։