Երեւանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանու 65 անդամից կողմ են քվեարկել 44-ը, դեմ՝ 10-ը, 3-ն՝ անվավեր: Քվեարկության արդյունքներով ավագանին Երեւանի նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին:
Հայկ Մարությանը վայր դրեց իր լիազորությունները: Նորընտիր քաղաքապետը, ընթացակարգի համաձայն, իր լիազորությունները կստանձնի մեկշաբաթյա ժամկետում։
Քվեարկությունն անցկացվել է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվել է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն: Քաղաքապետին անվստահություն են հայտնում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
52 անդամից՝ 39 կողմ
«Իմ քայլը» խմբակցությունը, որը ներկայում 52 անդամ ուներ Երեւանի ավագանիում, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը մուտքագրել էր դեկտեմբերի 17-ին։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաեւ ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Երեւանի ավագանու այսօրվա նիստը վարել է Հայկ Մարությանը: Նա հանդես է եկել ուղերձով:
Ովքեր են զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով, եւ ովքեր էին «Facebook-ում նստած»
Արտահերթ նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել նիստերին ու քվորում չեն ապահովել։
«Ես երկու տարի եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ, շատ լավ հիշում եմ, որ քաղաքապետը գալիս էր խմբակցության նիստերին, որտեղ քվորում չէր ապահովվում։ Մշտապես գալիս էինք նույն մարդկանցով, եւ դա արձանագրված է նիստերին հաճախելիության մեր ստորագրություններով»,– նշեց Աբգարյանը։
Իզաբելլա Աբգարյանը նաեւ պահանջել է հրապարակել այդ թղթերը, որպեսզի երեւանցիները տեսնեն՝ ովքեր են զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով, իսկ ովքեր էին «Facebook-ում նստած»։
Աբգարյանը նաեւ շեշտել է, որ քաղաքապետը խնդրում էր, որ քվորում ապահովվի, ու բերված հարցերը հաստատվեն։
«Հարցերից մեկը, այսպես կոչված, դղյակները օրինականացնելու եւ չօրինականացնելու հարցն էր, սակայն շատերդ չեք իմանա, քանի որ չեք մասնակցել այդ նիստերին։ «Իմ քայլի» դիրքորոշումն այնպիսին էր, որ դա պետք էր օրինականացնել, որպեսզի համայնք գումար մտներ, քանի որ այլ կերպ այդ շենքերը հնարավոր չէր օգտագործել»,– նշել է ավագանու անդամը եւ հավելել, որ մասնավորապես խոսքը եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասին։
Հայկ Մարությանի եռամյա գործունեության հպանցիկ ամփոփում
2018-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Հայկ Մարությանի համար առաջին մարտահրավերներից մեկը մայրաքաղաքի աղբահանության խնդիրն էր։
Աղբի կուտակումներն ու գարշահոտը գրեթե վերացան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ընտրություններից ամիսներ անց խնդիրն էլ ավելի էր սրվել։ Քաղաքային իշխանությունը 2019-ին «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզեց եւ մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելու համար ստեղծեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկը։
Նորաստեղծ հիմնարկը «Սանիթեքից» շեշտակի ավելի աղբատարներ ու աղբարկղեր ձեռք բերեց։ Եթե «Սանիթեքը» գործունեության ավարտին ուներ ընդամենը 3500 աղբարկղ, ապա Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում Երեւանի քաղաքապետարանը ձեռք էր բերել մոտ չորս անգամ ավելի՝ 14588 աղբարկղ: Մայրաքաղաքի աղբահանությունը ներկայում իրականացվում է 55 աղբատար մեքենայով։ Մինչդեռ «Սանիթեքը» գործունեության ավարտին ընդամենը 26 մեքենա ուներ։
27 տարվա ընթացքում՝ 35 վերելակ, 3 տարվա ընթացքում՝ 574 նոր վերելակ
«Մահվան վերելակ» անունը ստացած, տասնամյակներ շարունակ շահագործվող շուրջ 3500 վերելակներից 574-ը Մարությանի պաշտոնավարման ժամանակ են փոխվել։ Մինչդեռ Մարությանից առաջ՝ 27 տարիների ընթացքում, մայրաքաղաքում ընդամենը 35 վերելակ էր փոխվել։
Պաշտոնանկությունից առաջ քաղաքապետը հայտարարել էր, որ արդեն 2022-ին նոր վերելակների թիվը հազարի կհասնի։ Ընդսմին մայրաքաղաքում փոխարինման ենթակա դեռ շուրջ 2900 վերելակ կա։
Նախկին գծատերերի ուրվականը
Հայկ Մարությանի համար Երեւանի առաջ ծառացած դժվարագույն մարտահրավերներից մեկն էլ հանրային տրանսպորտի խնդիրն էր:
Եթե նկատի ունենանք, որ նախորդ 20 տարիների ընթացքում մայրաքաղաքում ձեւավորված ստվերային համակարգը դեռ երկար համառում էր, ուստի զարմանալի չէ, որ Մարությանին չհաջողվեց հանրային տրանսպորտն ամբողջությամբ փոխել՝ հակառակ 2-3 տարում Երեւանում արժանավայել տրանսպորտային ցանց ստեղծելու նրա խոստմանը:
Այդուհանդերձ, այս ընթացքում քաղաքային բյուջեով 100 փոքր, 211 հատ էլ 8,6 մետրանոց ավտոբուս է ձեռք բերվել։ Եվս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսի գնման հայտ ներկայացվելու մասին արդեն նախկին քաղաքապետը հայտարարել էր պաշտոնանկությունից օրեր առաջ:
Հանրային տրանսպորտի նոր ցանցի մշակումը վստահվել էր WYG բրիտանական խորհրդատվական ընկերությանը, որը դեռեւս նախորդ իշխանությունների պատվերով էր սկսել աշխատանքները։ Բրիտանական ընկերության նախագծով մայրաքաղաքի 64 երթուղում 1084 միկրոավտոբուս, իսկ 45 երթուղում էլ 551 ավտոբուս պետք է լինի, տրոլեյբուսների թիվն էլ 108-ի պետք է հասցվի։
Ներկա դրությամբ ստացվում է, որ պահանջվող 1084 միկրոավտոբուսների դեռ շուրջ 9 տոկոսը, 551 ավտոբուսների էլ մոտ 39 տոկոսն է ձեռք բերել քաղաքապետարանը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2011-2018 թվականներին, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, ըստ պաշտոնական տվյալների, Երեւանի բյուջեով հանրային տրանսպորտի միջոցներ ձեռք չեն բերվել, տրանսպորտային ցանցը համալրվել է միայն մասնավոր գնումների ու Չինաստանի նվիրատվությունների միջոցով։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւս դադարեցրել է իր լիազորությունները: Խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի, ինչպես նաեւ լրատվամիջոցների գործընկերներին եւ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար: