Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ժամանակ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Բիղաշն իր խոսքում կարեւորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ–ի համար:
Ահմադի Բիղաշն ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, եւ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում տարածքային որեւէ փոփոխություն:
«Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաեւ ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաեւ համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ:
ԱԽ քարտուղարը նաեւ կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման»,– նշված է հաղորդագրությունում։
Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։