ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ ռուսական զորախումբը Սիրիայի տարածքում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես եւ ՌԴ ԶՈՒ անձնակազմը Լեռնային Ղարաբաղում։
«Ավելի քան մեկ տարի է` ռուս խաղաղապահները ԼՂ–ում եւ հարակից շրջաններում պայմաններ են ապահովում խաղաղ կյանքի համար, նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ այս պահը որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել»,– շեշտել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ՊՆ ղեկավարը հավելել է, որ Սիրիայում տարեսկզբից ռուս զինծառայողները 348 մարդասիրական ակցիա են իրականացրել, բաժանել ավելի քան 650 տոննա պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը: