Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում 165 երկրների շարքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Շվեյցարիան, Նոր Զելանդիան ու Դանիան:
Թուրքիան նախորդ տարվա 133-րդ տեղից նահանջել է միանգամից 6 հորիզոնականով եւ հայտնվել 139-րդ հորիզոնականում: 2008-ից սկսած՝ Թուրքիան դարձել է աղյուսակի երկրորդ ամենամեծ հետընթաց գրանցած երկիրը՝ զիջելով միայն Վենեսուելային: Թուրքիայից ավելի բարենպաստ դիրքերում են հայտնվել Մոզամբիկը (104-րդ հորիզոնական), Ռուանդան (120-րդ հորիզոնական), Մալին (124-րդ հորիզոնական), Նիկարագուան (125-րդ հորիզոնական):
Ցուցակը կազմելու համար հիմք ծառայող 5 գլխավոր ուղղություններից Թուրքիան ամենացածր միավորը ստացել է «դատական համակարգ եւ սեփականության իրավունքներ» կատեգորիայում:
Դատապարտվել է «ժողովրդին ատելության դրդելու» մեղադրանքով
2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսեւերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «ժողովրդին ատելության դրդելու» մասին հոդվածի հատկանիշներով:
Բացված դատական գործով որոշումն արդեն ընդունվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, այնուհետեւ դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի:
Իրեն մեղավոր չճանաչող լրագրողը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը ավելի բարձր ատյանում:
Ծաղրանկարում պատկերված մուսուլմանական տարազով մի տղամարդու ուղեղն ախտահանում է կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ համազգեստ հագած մարդը: