Հետազոտությունները ցույց են տալիս, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է․ մի պատճառն, օրինակ, դժբախտաբար, այն է, որ շատ խոսվեց Հայաստանի մասին պատերազմի առիթով։ Իսկ մյուս առիթներն, անշուշտ, հայության հետ կատարվող իրադարձություններն են։ Բավականին կարեւոր էր, օրինակ, որ Լիբանանում բացվեց հայոց ցեղասպանության թանգարան եւ հիմա Գլենդելում նույնպես պիտի բացվի, այսինքն՝ աշխուժությունը կա։ Կարեւոր է նաեւ Երուսաղեմի հարցը․ Հայաստանից դուրս ամենահարուստ հայ մշակույթի կենտրոնը Երուսաղեմն է՝ բացառիկ գլուխգործոցներով, որը, ցավոք, փակ է այժմ ուսումնասիրողների համար։ Հետաքրքիր է, որ հայագիտությունը թափանցում է նաեւ ոչ հայ գիտնականների մեջ: Բազմաթիվ գիտնականներ կան, որոնք հայ չեն, բայց հսկա հայագետներ են։