«Քրեական ենթամշակույթը Հայաստանում» թեմայով քննարկումը, որ կազմակերպել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, առաջինն էր Հայաստանում: Մինչ այդ, ինչպես նշեցին կազմակերպիչները, փորձ չի արվել այս թեմայով մեկ սեղանի շուրջ հավաքելու տարբեր մասնագետների:
Հանդիպմանը ներկա էին կառավարության, դատախազության, դատական դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, անկախ փորձագետներ, գրող Վահրամ Մարտիրոսյանը, որի «Բամբակե պատեր» վեպի հատվածներից մեկը նվիրված է հիպիների եւ գողականների պայքարին:
Քրեական մշակույթը ոչ միայն Հայաստանում, ուրիշ երկրներում նույնպես իր անդրադարձն է գտել գեղարվեստական գրականության մեջ, հատկապես խորհրդային գրականությունն է հարուստ այդ կյանքը նկարագրող վեպերով: Խոսվեց այն մասին, որ Խորհրդային Միությունում քրեական ենթամշակույթի զարթոնքի փուլերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է, որի ընթացքում այն ներթափանցել է հասարակության գրեթե բոլոր խմբերի կենցաղ, ազդել սոցիալական հարաբերությունների վրա եւ ծնել բռնության մշակույթ:
Այսօր էլ մեր հասարակության մեջ քրեական ենթամշակույթն իր «ամուր» տեղն ունի, եւ դրա դեմ պայքարը, ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, միայն օրենքի սահմաններում հնարավոր չէ. հսկայական աշխատանք կա կատարելու դպրոցում, բանակում, ընտանիքում, սոցիալական շատ ինստիտուտներում, որտեղ առկա են այդ մշակույթի ենթատարրերը: Մասնակիցներն այն կարծիքին էին, որ քրեական ենթամշակույթն ամբողջությամբ արմատախիլ անել հնարավոր չէ, բայց նվազեցնել հնարավոր է, ինչի հետ կնվազի նաեւ բռնությունը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հրատարակած «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտությունը նաեւ այդ նպատակն ունի. գրքում անդրադարձ կա, թե ինչպես ԽՍՀՄ-ի մաս լինելը, գուլագները հետխորհրդային Հայաստանում հանգեցրին գողաքրեական մշակույթի առաջացմանը: Հայաստանում բռնության առաջացման պատճառներն ու դրսեւորման ոլորտներն ուսումնասիրելով՝ գիրքը կազմողները բռնության նվազեցման ուղիներ են առաջարկում:
Քննարկումներից պարզ դարձավ, որ հանրային հարաբերություններում քրեական ենթամշակույթը (լեզվի, վարքագծի, քրեական բարքերի ընդօրինակման եւ այլ միջոցներով) նույնքան առկա է, որքան հանցավոր փակ խմբերում: Արդյունքում հանրային առողջ ռեսուրսը չի կարողանում առավելագույնս առաջ գնալ եւ ձեւավորել առողջ ու զարգացող սոցիալական օրգանիզմ: Հարցերը խիստ արդիական են դարձել հետհեղափոխական եւ հետպատերազմյան հայաստանյան իրականության մեջ:
ՀՀ դատախազության՝ քննարկմանը ներկա ներկայացուցիչը նշեց, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը 2020-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը արդյունավետ առաջ տանելու համար: Քանի որ այն հանրային բարձր վտանգավորություն է ներկայացնում, ուստի իրավապահ մարմինները նույնպես ակնկալում են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագետների, հասարակության անդամների աջակցությունը:
Ի դեպ, քննարկման ժամանակ տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում շուտով լույս կտեսնի քրեական ենթամշակույթը ներկայացնող բառարան, որի հեղինակները՝ մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանն ու ազգագրագետ, պատմաբան Նիկոլ Մարգարյանը, հերքեցին քննարկմանը հնչած այն կարծիքը, թե բառարանը կարող է նպաստել դեռահասների ու երիտասարդների շրջանում այդ ենթամշակույթի հանդեպ հետաքրքրության առաջացմանը, այլ պարզաբանեցին, թե ինչքան մարդը տեղյակ լինի գաղտնի, խորհրդավոր եւ վտանգավոր համարվող երեւույթներից, այնքան ավելի հեշտ կլինի պայքարել դրանց դեմ, «չխեղճանալ» բակային եւ այլ միջավայրերում, որտեղ հաճախ քրեական ենթամշակույթի կեղծ ու աղավաղված նմանակումներն են տարածվում:
Բառարանը նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող այդ ենթամշակույթի խոսքային զարգացումն է ցույց տալու, ինչը կարեւոր է ազգագրության եւ ընդհանրապես հասարակական երեւույթների ուսումնասիրման տեսակետից:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։