ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային դիվանագիտական խողովակներով իրազեկել է, թե հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկի զբոսայգին Դուդաեւի պատվին անվանակոչելու փաստը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն ավելի վաղ կոշտ քննադատել է թուրքական իշխանությունների այդ քայլը: Վերջինս այգու անվանակոչության մեջ` Ռուսաստանի հետ հարաբերություններին ուղղված սպառնալիք է տեսել, եւ ի պատասխան առաջարկել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին մի զբոսայգի էլ անվանակոչել Գրոզնիում։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Քադիրովի արձագանքը թեեւ բավական զգացմունքային էր, սակայն միանգամայն ընկալելի, քանի որ Չեչնիան վերապրել է ահաբեկիչների սադրած մի քանի պատերազմներ: «Ահաբեկիչները փորձում էին վերահսկողություն սահմանել ՌԴ-ի այդ տարածքի նկատմամբ»,- ընդգծել է Պեսկովը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման ահաբեկիչներից էր Ջոխար Դուդաեւը:
Ջոխար Դուդաեւ. նախկինում՝ ավիացիայի գեներալ մայոր, խորհրդային բանակի ազգությամբ միակ չեչեն գեներալը։ Չեչեն զինվորական եւ քաղաքական գործիչ, 1990-ականների չեչենական անկախության շարժման առաջնորդ, Իչկերիայի Չեչենական Հանրապետության առաջին նախագահ, այդ պետության գեներալիսիմուս։ 52-ամյա գեներալը սպանվել է 1996 թվականի ապրիլին՝ Առաջին չեչենական պատերազմի ժամանակ, ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով։