Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
Ըստ ՍԴ որոշման՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։ Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից։
ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ ներկայացնել փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստի պատասխան։ Դեկտեմբերի 1-ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։
Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Սահմանադրական դատարանում պատվաստման եւ թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5 մասը։ Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաեւ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։