ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է ՊՇՌ թեստ հանձնելու վերաբերյալ ՍԴ որոշմանը՝ ընդգծելով, որ նախարարի հրամանը սահմանադրական է ճանաչվել:
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։
ԱՆ-ն ընդգծել է, որ սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետեւյալ ձեւակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»:
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ եւ անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական եւ բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձեւակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»,- շեշտել է ՀՀ ԱՆ-ն։