ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԼՂ-ում դիտակետերով ու Լաչինի միջանցքով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 մարդու անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ։
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի պահպանման ռեժիմը։ Լաչինի միջանցքում եւ ԼՂ սահմանազատման գծի ամբողջ երկայնքով տեղակայված է ՌԴ խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։
Դիտակետերում ծառայություն իրականացնելու նպատակով ռուս խաղաղապահներին տրված է «Ռատնիկ» հանդերձանքը։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով եւ գմբեթավոր տեսախցիկներով։
«Դիտակետերի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով` զննման են ենթակա բոլոր ավտոտրանսպորտային միջոցները»,- նշել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Բերկոզը: