ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գալիք տարի աշխատելու նաեւ Հայաստանի առաջնահերթություններով։
Գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե ինչ խնդիրներ է առաջ քաշել Հյաաստանը, որին Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ամենաշատը մտահոգում են երկրի անվտանգության ամրապնդման եւ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցերը։
Արդեն երկրորդ տարին ռազմական դաշինքի աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը նշել է, թե պատրաստ է ՀԱՊԿ-ի գալիք տարվա գործունեության հիմնական ծրագրային փաստաթուղթը, որը փաստացի կիրագործվի Հայաստանի նախագահության ընթացքում։
«Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնեցրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում` աշնանային նիստի ընթացքում ե՛ւ արտաքին գործերի նախարարաների, ե՛ւ պաշտպանության նախարարների, ե՛ւ պետությունների ղեկավարների կողմից:
Այնտեղ արտացոլված են նաեւ բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատելու հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հայաստանյան այցի նախօրեին «Արմենպրեսին» տված հարցազրույցում Ստանիսլավ Զասն ընդգծել է, թե ռազմական դաշինքին շատ է մտահոգում հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ բախումների հետեւանքով մարդիկ են զոհվում։
Ադրբեջանցի զինվորներին Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, թե ելքը միայն մեկն է․ հարցերը կարգավորել դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհով:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը աջակցում է այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին, այն է՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով ՌԴ աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաեւ, որ ՀԱՊԿ-ն սատարում է ստեղծված իրավիճակը քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերին։
Նա նշել է, որ արժի ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։
Հայաստանյան այցի ընթացքում Ստանիսլավ Զասը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ։