Կարեւորելով հասարակության շրջանում սոցիալական բազմաթիվ մարտահրավերներն ու ֆինանսավորման խնդիրները՝ սկսնակ ձեռնարկատերերի համար հնարավորություն է ստեղծվել մեկ հարթակում միավորելու ձեռնարկատիրական գաղափարներն ու մասնագիտական խորհուրդների ու գիտելիքների շնորհիվ կյանքի կոչելու դրանք:
Մշտապես ձգտելով լուծելու սոցիալական խնդիրներ` տարիներ առաջ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը, նախանշելով իր առջեւ ծառացող խնդիրները, նախաձեռնեց Սոցիալական ձեռներեցների դպրոցը (ՍՁ):
Դպրոցն այժմ ավելի քան 150 շրջանավարտ ունի, կյանքի են կոչվել 50 սոցիալական ձեռնարկատիրություններ, որոնք ստարտափային փուլում են: Գոհար Մկոյանը փաստում է՝ դպրոց ընդունվում են` անցնելով մի քանի թեստեր, որպեսզի պարզեն, թե ինչ բիզնես գիտելիքներ ունեն դիմորդները, ինչպիսի սոցիալական գաղափարներ են մշակել: Ամեն տարի ընդունվում է նոր սերունդ, որոնք ձգտում եւ պոտենցիալ ունեն իրենց ծրագրերն իրականացնելու:
Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մշակվել են առաջխաղացման կենսունակ մոդուլներ, աշխատարաններ, գործնական մեթոդներ եւ գործիքներ: Սոցիալական ձեռնարկատերերը սովորում են մոդելավորել բիզնես գաղափարներ, մշակել մարքեթինգային ռազմավարություն, ֆինանսական պլանավորում եւ կառավարում:
«Մենք հաշվի ենք առնում, թե որքանով են գաղափարներն արդիական մեր հասարակության մեջ, եւ ինչպիսի հնարավորություններ կան դրանց զարգացումն ապահովելու համար: Շրջանավարտների ծրագրերից շատերն արդեն իրականություն են դարձել, դրանցից են «Ոզնիների այգին», «Հովսեփյան գիտակրթական կենտրոնը», «Արեւահամ», «Արեւիս», «Էրկանք» նախագծերը»,- ասում է Գոհար Մկոյանը:
«Դաշտից մինչեւ սեղան՝ մի ամբողջ պատմություն». դպրոցի շրջանավարտ Տաթեւ Գրիգորյանի «Էրկանք» ընկերության նշանաբանն է: Զբաղվում են ցորենի ամբողջահատիկ մշակելով եւ թթխմորով հացի արտադրությամբ: Ընկերության հիմնադիրը դիմել է ՍՁ դպրոց` նպատակն իրագործելու եւ ազգային մշակույթի անբաժան տարրերից մեկը՝ հացարարման ծեսը վերարժեւորելու:
«Ինչո՞ւ դաշտից մինչեւ սեղան, քանի որ ողջ հումքն արտադրում է մեր ընկերությունը: Մենք ցանկանում ենք զարկ տալ ավանդական հացաթխման ծեսին հենց գյուղական համայնքներում, եւ երբ դիմեցի դպրոցին, մեր նպատակն էր Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում հիմնել հացատուն,- ասում է Տաթեւ Գրիգորյանը:
Նախագծերի թվում է նաեւ Սյունիքի մարզի Նժդեհ գյուղի զարգացման ծրագիրը: Հեղինակը Արսինե Սահակյանն է, ով ուզում էր իրագործել որդու երազանքը: Արսինեն երդվել էր ծառայել կա՛մ հայոց բանակում, կա՛մ սահմանամերձ համայնքում: Հաշվի առնելով համայնքների խոցելիությունը՝ ընտրել է Սյունիքի մարզի Նժդեհ համայնքը, որտեղ 22 ընտանիք է ապրում: Ասում է՝ դպրոցն իրեն սովորեցրել է՝ ինչպես պետք է բիզնես պլան կազմել եւ եկամուտներն օգտագործել ի շահ համայնքի զարգացման:
«Իմ նպատակն էր իրագործել որդուս ցանկությունը, եւ այժմ արդեն սահմանամերձ համայնքում ունենք հյուրատուն, որը միտված է զարկ տալ ագրոտուրիզմին: Այս ընթացքում կազմակերպել ենք մի շարք այցեր, եւ աջակիցներն ամեն կերպ ցանկանում են նպաստել սոցիալական պայմանների բարելավմանը: Հյուրատունը պետք է նպաստի գյուղմթերքի իրացմանը, գյուղատնտեսական եւ սոցիալական աշխատանքի զարգացմանը»,- ասում է Արսինե Սահակյանը:
ՍՁ դպրոցն առաջին անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ամռանն իրականացրել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով դասընթացների շարք: Մասնակիցները յուրացրել են սոցիալական ձեռնարկատիրական գիտելիքներ, բիզնես ծրագրեր կազմելու եւ ներկայացնելու հմտություններ: Այն հնարավորություն է տվել դիմորդներին ապահովելու Արցախում դրական սոցիալական փոփոխություններ, ներգրավելու համայնքային ռեսուրսները ձեռնարկատիրական գործընթացում:
Նման գաղափարների թվում է «Տողի թեյ» ՍՁ գաղափարը, որը միտված է հանրության շրջանում համայնքն ավելի ճանաչելի եւ տեսանելի դարձնելուն: Տողեցի Մարգարիտա Գրիգորյանը, որ Տողի մշակույթի եւ թեյերի տարածման առաջամարտիկներից է, արդեն իր շուրջն է համախմբել մի շարք աջակիցների:
«Նրանք, ովքեր համտեսում են Տողի թեյերը, պետք է ճանաչեն Տողը, տողեցուն, համայնքի պատմությունը: Անում ենք ճանաչողական հանդիպումներ, թեյի երեկոներ, հերոսներին նվիրված հուշ-երեկոներ: Առաջիկայում նախատեսում ենք գործարկել շրջիկ թեյատուն, որտեղ ներկայացնելու ենք մեր թեյերը եւ շահառու կանանց պատրաստած այլ բարիքներ»,- ասում է Մարգարիտա Գրիգորյանը:
ՍՁ դպրոցում դասընթացների ավարտին կատարվում է սոցիալական բիզնես գաղափարի ներկայացում։ Ոլորտի մասնագետները գնահատում են բիզնես գաղափարը, թվարկում առավելություններն ու թերությունները: Գնահատման արդյունքում ՍՁ դպրոցը ֆինանսավորում է լավագույն գաղափարները:
Ալմաստ Մուրադյան