Գավառական մեծախոսությամբ կամ էլ գեղամիջի փիլիսոփայությամբ հայերը հարեւան թյուրքական ժողովուրդներին միշտ բարձունքից են նայել, իբրեւ թե նրանք քոչվոր են, իսկ մենք՝ նստակյաց։
Ակադեմիական ձեռնաշարժությունն ու սրբակենցաղ ռազմահայրենասիրությունը տիրապետող են դարձրել այն մտայնությունը, թե նստակյաց ժողովուրդները քաղաքակրթական շատ ավելի բարձր տիրույթում են, իսկ քոչվորները վայրենի, հակապատմական տարրեր են՝ ստեղծված անասուն եւ ոչխար պահելու համար։
Բնականաբար սա միֆ է կամ էլ կեղծ ինքնություն, որի նպատակն է իմաստավորել սեփական անարդյունավետ գոյությունն ու արդարացնել անմիտ եւ ձախողված քաղաքականությունը։ Մոտավորապես այս տրամաբանությամբ մենք պարտվել ենք պատերազմում, բայց փոխարենը Նարեկացի եւ Չարենց ենք ունեցել, մենք ձախողել ենք պետությունը, բայց չէ՞ որ Տիգրան Մեծը եւ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում են գործել, իսկ ադրբեջանցինե՞րը… ի՞նչ են ունեցել այդ թշվառ խաշնարածները։ Ավելին՝ Շուշիի եւ Հադրութի գրավման փաստերը անկարեւոր են այն իրողության համեմատ, որ Ադրբեջանը արհեստական գոյացություն է, քանի որ երբեք այդպիսի պետական կազմավորում գոյություն չի ունեցել։
Քարոզչական այս տիղմը ինքնություն դարձրած հավաքականությունը դժվար թե ինչ-որ մի օր գլխի ընկնի, որ հին եւ ավելի հին ժողովուրդ լինելը դեռեւս որակի երաշխիք չէ, եւ չի բացառվում, որ երեկ ստեղծված քաղաքական միավորը շատ ավելի արժեքաստեղծ լինի, քան երեք հազար տարի առաջ գոյություն ունեցածը (եւ հակառակը)։
Բնականաբար այդ զանգվածը ինքն իրեն նաեւ չի հարցնի, թե ինչ է մեզ տալիս Ադրբեջանի արհեստածին լինելու փաստը, եւ ինչ է փոխվում դրանից։ Նույնիսկ եթե արհեստածին է, բայց չէ՞ որ հիմա, հենց այս պահին ավելի քան բնական ձեւով այն գոյություն ունի եւ ունենալու է, ի դեպ մեր հարեւանությամբ եւ կողքին։ Չէ՞ որ արհեստածին պիտակված պետությունն ու քոչվորական դրոշմված ժողովուրդը առնվազն իրական ու բնական գործոններ են, որոնք կարող են նաեւ չափազանց վտանգավոր լինել (հիշեցնեմ էլի)։
Դե, այս հարցադրումները իհարկե նորաձեւ չեն, կարեւորը խախուտ բարձունքից լոպազանալն է եւ նեղության դեպքում էլ անցյալից ինչ-որ մկանուտ տղա բերելը, օրինակ՝ Նարեկացուն։ Ախր ինչքա՞ն կարելի է ձրիակերի պես ապրել անցյալի հսկաների հաշվին։
Ի դեպ ես չեմ ուզում որեւէ կերպ ստվերել եւ ցեխին հավասարեցնել հայ ժողովրդին եւ նրա պատմական անցյալը։ Խորենացու հռետորաբանությամբ սա իսկապես մեծ եւ հիշատակության արժանի պատմական միավոր է, բայց անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ մեծերը, որպես կանոն, գործում են մեծ սխալներ։ Իմ համոզմամբ հայ ժողովրդի ամենամեծ սխալը նրա անստույգ տեղորոշումն է իր ապրելու տարածությունում։ Կամ էլ միֆական եւ անիրական հայացքը դեպի հարեւան ազգերը։ Այսինքն` հայերը հարյուրամյակների ընթացքում իրենք իրենց համար պատրանքներ են հորինել, հավատացել դրանց եւ հանուն դրանց կորցրել այն ամենը, ինչ հնարավոր է։
Եթե փորձենք դասակարգել այդ պատրանքները, ապա կանգ կառնենք երկու կետի վրա․ մտովի փախուստ տարածաշրջանից եւ թյուրքական աշխարհում խրված սեպի գաղափարը։ Հայերն իրենց խորթ եւ անհարմար են զգում Արեւելքում՝ կարծելով, թե թյուրքական տարրի առկայությունը տարածաշրջանում հակապատմական թյուրիմացություն է կամ էլ արհեստական պարտադրանք։ Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել արդեն իսկ հազարամյա այդ իրողության հետ՝ կարծելով, թե ինչ-որ հրաշքով արթնանալու են անթուրք իրականությունում եւ անարգել եւ անխոչընդոտ տարածվելու են Աշխարհացույցի բոլոր կողմերում։
Ավելին՝ Արեւելքում նրանք իրենց եվրոպացի են զգում, ինչը հանգեցնում է մտավոր փախուստի։ Խոսքը ֆիզիկական տեղաշարժի մասին չէ, այլ սեփական միջավայրում ադապտացվելու անկարողության։ Իբրեւ թե՝ մենք բարձր ենք, եվրոպացի եւ քրիստոնյա ենք, ի վերջո արիացի ենք (հակագիտական այս եզրույթը գործածվում է շարադրանքի ոգուն հավատարիմ մնալու համար) եւ չենք կարող հավասարը հավասարին ապրել քոչվոր եւ արնախում ցեղերի հետ։
Իրականում սա չափազանց բարդ եւ անհաղթահարելի թվացող միֆ է, որը ստեղծվել եւ անընդհատ վերատադրվել է հայ մտավոր շրջանակների կողմից՝ որպես կարծրատիպ տարածվելով լայն զանգվածների միջավայրում։ Մտավոր այս փախուստը խանգարում եւ խաթարում է հայերի բնականոն կյանքը՝ մարդկանց դատապարտելով մշտական անհանգստության եւ սարսափի։ Վստահաբար այս միֆը պետք է ջախջախվի, իսկ դրա համար անհրաժեշտ է գահընկեց անել հայ ժողովրդին՝ կասկածի տակ առնելով նրա բարձր կարգավիճակը։
Մարդկանց պետք է բացատրել, որ հայերն ու ադրբեջանցիները/թուրքերը հավասար են, նստակյաց ժողովուրդները քոչվորներից ավելի բարձր չեն, եւ ամենակարեւորը՝ սա է մեր աշխարհը, մեր միջավայրն ու իրականությունը, որից փախուստ չկա։ Հայերն ու թուրքերը իրար հետ ապրել են հազար տարի եւ մի հազար տարի էլ պետք է ապրեն, փաստ, որից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել։
Անհրաժեշտ է ջարդել վայրենի ցեղերի կողմից անընդհատ բնաջնջվող բարձր քաղաքակրթության կարծրատիպը, այլեւս չպետք է եվրոպացիներ լինենք, մենք էլ ենք վայրենի եւ արեւելյան, սպանում են, կսպանենք, ցեղասպանում են, կցեղասպանենք, առեւտուր են անում, կառնենք-կծախենք, ժպտում են, կբարեւենք, սեղան են գցում, օղին մեր կողմից կտանենք։ Միայն թե դադարեցնենք մշակութային պոռոտախոսությունն ու նվնվոցը, հերիք է։
Այս միֆի հաղթահարման համար առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել աշխարհի կողմից մեզ պարտադրված մեսիական առաքելությունից, որն է՝ սեպի կարգավիճակը թյուրքական աշխարհում։ Իբրեւ թե մենք այն պարիսպն ենք, որը արգելակում է պանթյուրքիզմի էքսպանսիան եւ Մեծ Թուրանի իրագործումը, այսինքն՝ կանխարգելում ենք Ստամբուլից մինչեւ Ալթայ թյուրքերի միավորումը։
Սա իրականում ցնորամիտ եւ հիվանդոտ մտայնություն է, որն այլ ելք չի թողնում, քան հին երեւանյան արտահայտչաձեւին դիմելը․ արա դուք ո՞վ եք, Հռո՞մը, թե՞ Սասանյան Պարսկաստանը։ Իսկապես կարծո՞ւմ եք, որ փոքրիկ եւ անօգնական Հայաստանը կարող է սեպ դառնալ Միջին եւ Մերձավոր Արեւելքը ներառող թյուրքական աշխարհի համար։ Իսկ չե՞ք մտածում, որ Հայաստանն ընդամենը միայնակ մեխի գլուխ է, որին կարող են մեջտեղից կիսել ու վրայով անցնել։
Հարյուրամյակներ շարունակ աշխարհը հայերին պահել ու փայփայել է որպես հակաթուրքական մահակ եւ անհրաժեշտության դեպքում մոռացել դրա գոյության մասին՝ թույլ տալով, որ այդ մահակը մաշվի ու կոտրվի։ Հիմա էդ մահակն էլ չկա, բարակ ճիպոտ է դարձել, որն անհրաժեշտության դեպքում խլելու են ու ջարդեն գլխներիս։ Միայն հիմարն ու անուղեղը կկանգնեն անհաղթահարելի ուժի առջեւ՝ շատ լավ իմանալով, որ ամեն պահի կարող են վրայով անցնել։
Բայց այս ամենից անդին նաեւ տրամաբանական հարց է առաջանում․ ո՞րն է թուրքերի եւ ադրբեջանցիների միջեւ սեպ դառնալու իմաստը, ի՞նչ է դա մեզ տալիս։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ դա մեր ուժերից վեր է, եւ իրականում առանց մեր դիմադրության էլ նրանք արդեն իսկ կապված են։ Ընդամենը փորձենք հասկանալ մեր մտայնության շարժառիթն ու նպատակը։ Գոնե ես որեւէ տրամաբանություն չեմ տեսնում։ Բնականաբար շատերը կարող են պնդել, թե այդ երկու պետությունները սպառնում են մեր անվտանգությանը, եւ մեր տարածքով նրանց ուղիղ կապը կրկնապատկում է այդ վտանգը։ Ես էլ կպատասխանեմ, որ այո՛, իսկապես վտանգ կա, բայց վտանգի չեզոքացման համար անհրաժեշտ է ոչ թե փախչել դրանից ու երեւակայական սեպ դառնալ, այլ ընդամենը լուծումներ գտնել։
Օրինակ՝ ամենայն քաղաքավարությամբ դուրս գալ պարսպի բարդույթից, քաշվել մի կողմ եւ ճանապարհ տալ։ Թո՛ղ գան անցնեն, միայն թե ոչ մեր դիակների վրայով, այլ կողքով, տակով, խողովակով, օդով։ Խոսքը բնականաբար միջանցքի եւ Հայաստանի տարածքները զիջելու մասին չէ։
Պարզապես հնարավոր չէ հաստ պարիսպ կառուցել, գետտո ստեղծել եւ ապրել այդ փակ տարածությունում՝ քոչվորներից հեռու, մտքերով Եվրոպայում, բարձր մշակույթի եւ հարուստ պատմության հեքիաթներով։ Իբրեւ թե այդ թուրքերը արժանի չեն մեր քաղաքակրթական ներկայությանը։ Պետք է ի վերջո համարձակություն դրսեւորենք եւ սովորենք ապրել թուրքերի հետ եւ թուրքերի կողքին՝ առանց սեպ դառնալու եւ մտավոր փախուստի գայթակղության։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։