Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ բանակցություններ է վարում:
«Բրյուսելյան հանդիպման արդյունքում հրապարակված նախաձեռնությունները լրացնում են 2021-ի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ»,- շեշտել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ այդ մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը՝ ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:
Կողմերին համբերություն եւ խաղաղություն է մաղթել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղություն եւ համբերություն է մաղթել ԼՂ հակամարտության կարգավորման գործում։ Դիվանագետը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե կողմերն առավելագույն ջանքեր գործադրեն:
«Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են, այդ թվում`ռուսական կողմից, իրավիճակը նոր բարդացումներից հետ պահողներին առաջին հերթին խաղաղություն, համբերություն եւ հաջողություն եմ մաղթում` ամենաբարդ, ամենաերկարատեւ եւ արյունալի հակամարտություններից մեկի կարգավորման այս ծանր առաքելության մեջ»,– ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ անցնող տարվա ընթացքում 2020-ի նոյեմբերի 9/10-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվել են։ Ըստ նրա` Բաքուն եւ Երեւանը հավատարիմ են համաձայնագրի բոլոր դրույթների անշեղ կատարմանն ու հետագա իրագործմանը։