Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է արել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Պեկրեսը հայտնել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի եւ Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման եւ Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման եւ հայկական հոգեւոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:
Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաեւ լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից եւ Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:
Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021-ի դեկտեմբերի 4-ին Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու 2022-ի ապրիլի ընտրություններում: