Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում օրերս բացված նոր ցուցադրությունը ներկայացնում է մեր պատմամշակութային ժառանգության քարե կոթողները՝ եկեղեցիները։ Ազգային պատկերասրահից այստեղ են բերվել Գաբրիել Գյուրջյանի, Գրիգոր Ազիզյանի, Խաչատուր (Ռիշար) Ժերանյանի, Սուրեն Չիլինգարյանի, Սեդա Ղարագյոզյանի, Սահականուշ Մատինյանի եւ այլ անվանի հայ նկարիչների գործեր։
44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անխնա ավերվում ու խեղաթյուրվում են հայկական եկեղեցիներն ու կոթողները, Հայաստանի «քարե պատմությունը» եւս մեկ անգամ ներկայացնելու եւ հանրայնացնելու փորձ է արվում։ Մշակութային արժեքներին հասցեագրված սպառնալիքների պայմաններում հրամայական է դառնում հասարակության մեջ հուշարձանների նկատմամբ հոգատարության, խնամքի եւ պահպանության գիտակցություն ձեւավորելը․ սա է ցուցադրության հիմնական ուղերձը։
«Երբ նկարում ես խաչքար, եկեղեցի, առաջին հերթին մտածում ես դրանց պահպանության մասին։ Եկեղեցին կարծես տվյալ տեղանքի կնիքն է, որին նկարիչը, արվեստագետը պետք է ուշադրություն դարձնի։ Ուրիշի աչքում դա ուղղակի նկարել է, բայց մենք ֆիքսում ենք տվյալ ժամանակաշրջանը։ Ես նկարել եմ, օրինակ, Արդվու եկեղեցին մինչեւ վերանորոգումը։ Դա է այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր պապերը, եւ կուզեի, որ հենց էդ տեսքով պահպանվեր, մնար»,- ասում է քանդակագործ, գեղանկարիչ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը։
Գեղանկարիչ, Ալավերդու արհեստագործական ուսումնարանի նախկին տնօրեն Վարուժան Սիմոնյանը կարծում է, որ պատմական արժեքների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորումը պետք է սկսել կրթօջախներից։ Սովորողների համար նախ պետք է ճանաչելի դարձնել մշակութային ժառանգությունը, հետո միայն դրա պահպանության ուղերձ հղել։
«Երբ մեր ուսումնարանում նկարչական խումբ բացվեց, մենք սկսեցինք գնալ Հայաստանի մարզեր եւ նկարել։ Մեր աշխատանքների մոտ 70 տոկոսը եկեղեցիներ էին, որոնք ուսումնարանի առաջին հարկում փակցրել ենք հայ կաթողիկոսների նկարների կողքին։ Սաղմոսավանք, Այրիվանք, Հնեվանք ու նաեւ տեղեկություն դրանց մասին։ Ուսանողը գալիս է, կարդում, սկսում հարցեր տալ, եւ մենք պատմում ենք»,- ասում է Վարուժան Սիմոնյանը։
Ալավերդու պատկերասրահում ցուցահանդեսներ հաճախ են լինում, բայց ալավերդցիները, մասնավորապես երիտասարդները չեն գնում նկարներ դիտելու։
«Գուցե կոպիտ հնչի, բայց երեխաները մեղավոր չեն։ Նրանց կրթող մանկավարժը, տնօրենն են մեղավոր։ Անգամ աբոնեմենտի առկայության պայմաններում չեն օգտվում դրանից, որ անվճար է։ Երեխան նկարչությունից, թատրոնից, կինոյից, ընդհանրապես մշակույթից ինչ-որ բան պետք է վերցնի։ Էդ երեխան, երբ կտեղափոխվի Երեւան կամ մի ուրիշ մեծ քաղաք, կամաչի եւ վատ կզգա։ Շատ քիչ քաղաքներում է, որ ազգային պատկերասրահի մասնաճյուղ կա, Հայաստանի 13 մասնաճյուղերից մեկն Ալավերդիում է։ Հնարավորություններ կան, բայց էսքա՞ն անտարբերություն դպրոցների կողմից»,- սրտնեղելով ասում է պատկերասրահի տնօրենը։
Պատկերասրահի մշտական ցուցադրության եւ ընդհանրապես այցելության համար տոմսի արժեքը 200 դրամ է։
«Քարե պատմություն» խորագրով ցուցահանդեսը միաժամանակ բաց է Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղերում։ Հայ նկարիչների աշխատանքներն Ալավերդիում կմնան եւս 10 օր։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։