Հարավային Կորեայի կառավարությունը ներում է շնորհել 2017-ին կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկման դատապարտված նախկին նախագահ 69-ամյա Պակ Կըն Հյեին:
Երկրի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Կորեայի նախկին նախագահի անունը ներառվել է ներում ստացողների հատուկ ցանկում:
«Նախկին նախագահ Պակին ներում ենք շնորհում՝ ձգտելով նման կերպ անցյալում թողնել այդ ցավալի պատմությունը, ապահովել ժողովրդի միասնությունն ու դեպի ապագա քայլ անելու հնարավորություն ընձեռել»,- ընդգծել է արդարադատության նախարար Պակ Բեմ Կյեն:
Պակ Կըն Հյեն Հարավային Կորեայի հանգուցյալ ավտորիտար նախագահ Պակ Չոն Հյեի դուստրն է: 2012-ին նա դարձել է Հարավային Կորեայի առաջին կին նախագահը: 2017-ին կաշառք ստանալու եւ կոռուպցիոն այլ գործարքների համար նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, բացի դրանից, եւս 2 տարով էլ դատապարտվել է ընտրական մեքենայությունների համար:
Պակ Կըն Հյեն եւ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես ազատազրկվել են, մեղադրվել են խոշոր ընկերություններից, դրանց թվում` Samsung Electronics-ից շահավետ պայմանագրեր տրամադրելու դիմաց մեծ գումարներ ստանալու համար: