Ալենը վատ գիտի Նիկոլին, փոխարենը Նիկոլը լավ գիտի Ալենին։ Նիկոլը գիտի, որ Ալենը սիրում է ճոխություններ, եւ խրախուսում է այդ սերը։ Նիկոլը գիտի, որ Ալենը սիրում է հիմարություններ դուրս տալ «տկզար»-ի բնույթի, եւ ոգեւորում է մեր ճարտասանին։
Նիկոլը գիտի, որ Ալենը խցանվել է մանկության մեջ։ Այսինքն՝ հիմա կիրառում է բառեր, որոնք մանկուց երազել է ասել, մսխում է բյուջեն Սանկտ Պետերբուրգում ատամնաբույժների համաժողովին մասնակցելու համար, որովհետեւ Ալենը չգիտի, թե բոլոր այդ ուղեւորություններից որը կլինի վերջինը։ Ալենը վատ գիտի Նիկոլին, փոխարենը Նիկոլը լավ գիտի Ալենին։
Կարգին Հայկո պետք չէ Ալեն լինելու համար, բայց Նիկոլ պետք է։
Մոռացեք, թե Ալենն ինչ էր մտածում Կարգին Հայկոյի մասին մինչեւ վերջինիս եզրափակիչ ելույթը քաղաքապետարանում։ Կենտրոնացեք այն բանի վրա, որ Ալենը վառում է բոլոր կամուրջները Նիկոլից մեկ քայլ հեռու չմնալու համա: Այդ տղայի գլխում միայն իրեն վերաբերող դավադրություններ են պտտվում, բոլորի ուշքն ու միտքը Ալենի նման գերազանցիկից միջակություն ստանալն է։
Իսկ Ալենը խորամանկ է, նա գիտի, որ միջակությունն ունի հեղինակային իրավունք, ինքն իր միջակը չէ, ինքը Նիկոլի միջակն է եւ ամեն ինչ անում է, որ Նիկոլին հաճելի լինի։
Ալենը երբեք թիմային խաղի գիտակցում չի ունեցել, նա կարգին Հայկոյի հետ է եղել դեռ «Կարգին հաղորդման» օրերից, որովհետեւ այդ հաղորդումը ձիու վրա էր, Հայկոյի հետ էր, երբ նա ձիու վրա էր որպես քաղաքապետ։ Ալենը Վանեցյանի հետ էր մինչեւ վերջինիս պաշտոնանկությունը։ Բայց ձին առանց պատվանդանի Ալենի համար ոչինչ է, իսկ պատվանդանը Նիկոլն է, որին մի օր հաճույքով կոչնչացնի Ալենը։
Առայժմ ժողովրդի անեծքը բավարար չափի չէ, որպեսզի «Պետրոսն» ուրանա իր Հիսուսին։
Գիտե՞ք ինչ է նշանակում խցանվել մանկության մեջ։ Նշանակում է առնվազն 10 տարի հիացած լինել Լենինի արձանով ու մի օր հայտնաբերել, որ այն ոչ մի բան է։ Սա Վանո Սիրադեղյանի ու Համբարձում Գալստյանի՝ գոտկատեղից ներքեւ հարվածն էր Ալեն Սիմոնյանի մանկությանը։ Արձանը պատվանդանի հետ գնաց, ու այդտեղ կանգ առավ Ալենի մանկությունը։ Նա ամբողջ կյանքը պատվանդաններ է փնտրում դրանց վրա կանգնելու համար։ Բայց՝ ձիով։ Քանի որ ձիերին պատվազրկել հնարավոր չէ։ Ալենը Հայաստանի հետհեղափոխության գլխավոր խայտառակությունն է․ այսպես ասենք, Ալենը հակահեղափոխության ձին է, որից օգտվել չի խորշի նույնիսկ հեղափոխականը։
Բանն այն է, որ Ալենը միշտ օրվա գործիչ է, կոնկրետ օրվա։ Նա բոլորից պաշտպանում է իր այսօրը։ Իսկ վաղը ինչ կասեն իր մասին՝ հոգ չէ։ Նա իսկապես վատ է զգում, որ վաղվա անեծքները կարդում է արդեն այսօր։ Նշանակում է՝ նրա ներկայի մեջ ճեղքեր կան։ Ահա ինչու է ճեղքերը փակելիս ավելի ծիծաղելի վիճակում հայտնվում։
Ի դեպ, Կարգին Հայկոյի սկետչներից մեկում Ալենը խաղում է հանգուցյալի դեր, որի դագաղը սեփական տուն մտցնելու համար «պավառոտը» վերցնում են ուրիշի տնից։ Հասկանո՞ւմ եք, անհարմարավետությունն այդ մարդու մարմնում է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: