ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել է, որ Հայաստանում հունիսի վերջին խոտանվել են 27 հազար չափաքանակ AstraZeneca-ի եւ նույնչափ Moderna-ի ժամկետանց պատվաստանյութեր։
Նա նշել է, որ նոյեմբերի 4-ին ստացված Moderna-ի ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր: Իսկ որպես օգնություն ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր:
Սահակյանը հավելել է, որ հարցը նաեւ պետք է դիտարկել այն համատեքստում, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները: Նա ընդգծել է, որ ապրիլ-մայիսի ժամանակահատվածում պատվաստանյութը Հայաստան հասնում էր 1,5 կամ առավելագույնը 2 ամիս պիտանելիության ժամկետով:
Պատվաստանյութերի ամենաերկար պիտանելիության ժամկետը 9 ամիս է, ամենակարճը՝ 6 ժամ
Կենտրոնի փոխտնօրենը նշել է, որ ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հստակ երկար ժամկետներ չունեն: Նա շեշտել է, որ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութերն, օրինակ, 2 տարվա պիտանելիության ժամկետ ունեն, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարվա:
Գայանե Սահակյանը մանրամասնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա, ապա՝ 3 ամսվա, այնուհետեւ՝ 6 ամսվա պիտանելիության ժամկետ: Ըստ նրա՝ այս պահին ՀՀ-ում կա նաեւ 9 ամսվա պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութ:
AstraZeneca պատվաստանյութի համար, ըստ Սահակյանի, պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից` սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:
Սահակյանն ընդգծել է, որ ներկա դրությամբ ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է եւս 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Սպուտնիկ V-ն եւս իրենց ժամկետները երկարաձգել են:
«Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը, օրինակ, 6 ամիս հետո։ Եթե պարզում են, որ եւս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում»,- նշել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը: