Հայաստանի եւ Ադրբեջանի գիտության ու մշակույթի գործիչները հանդիպել են Մոսկվայում՝ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։
Նախատեսվող հանդիպման մասին անցյալ շաբաթ հայտնել էր «Ալիք Մեդիան»։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ կողմերը քննարկել են երկու երկրների ժողովուրդների միջեւ Արցախյան վերջին պատերազմից լարված հարաբերությունների թուլացմանն ուղղված քայլերը:
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Հայկական կողմի մասնակիցների մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ռուբեն Բաբայանը։
Արցախյան վերջին պատերազմից հետո սա նման ձեւաչափով առաջին հանդիպումն է։