Եթե ունես չլուծված խնդիրներ կամ ինչ-որ դժվարություններ կյանքում եւ չգիտես ինչպես վարվել, սկսի՛ր այդ մասին գրելուց։ Բոլոր այն դեպքերում, երբ մենք հայտնվում ենք անորոշ իրավիճակներում, կարող է օգտակար լինել ֆրիրայթինգ կոչվող գործիքը։ Թող այս օտարածին բառը մեզ չվախեցնի։ Ֆրիրայթինգն անգլերեն տերմին է (freewriting), որը բառացի թարգմանվում է «ազատ գրել»։
Բավականին երկար ժամանակ է, ինչ մտածում եմ եւ չեմ կարողանում գտնել «ֆրիրայթինգ» բառին համարժեք թարգմանություն։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք՝ միասին գտնենք այն։
Ի՞նչ է ֆրիրայթինգը։
Ֆրիրայթինգը տեխնիկա եւ մեթոդիկա է, որն օգնում է մարդուն կարողանալ գրել այն ամենն, ինչ այդ պահին անցնում է մտքով, հասցնել գրանցել մտքերի հոսքը՝ շրջանցելով ներքին ցենզորը։ Այս մեթոդիկան նպաստում է ոչ սովորական մտքեր եւ լուծումներ գտնելուն։ Այն նման է մտագրոհին, սակայն մտագրոհնիրականացվում է խմբով, իսկ ազատորեն գրելը՝ մենակ։
Ֆրիրայթինգը շատ պարզ տեխնիկա է, որ մատչելի է յուրաքանչյուրիս։ Պարզապես վերցնում ենք թուղթ ու գրիչ եւ գրում մեր գլխով անցնող մտքերը։ Գրում ենք առանց կանգ առնելու, հնարավորինս արագ եւ աշխատում բաց չթողնել ոչ մի միտք։ Այդ ընթացքում մեզ համար բնավ կարեւոր չէ, թե որքան գեղեցիկ կամ գրագետ է ստացվում մեր գրած տեքստը։ Մենք ունենք միայն մեկ նպատակ՝ կանգ չառնել։ Եթե անգամ ստացվում է այնպես, որ չգիտենք՝ ինչ գրենք, միեւնույնն է, շարունակում ենք գրել։
Գրելիս պետք է պահպանվեն մի շարք կանոններ։ Խորհուրդ է տրվում նախօրոք սահմանափակել գրելիքը ժամանակով կամ էջերի քանակով։ Ջուլիա Կեմերոնը իր «Արվեստագետի ուղին» գրքում խորհուրդ է տալիս ամեն առավոտ գրել երեք էջ։ Մի կարեւոր հանգամանք եւս․ դուք պետք է համոզված լինեք, որ ֆրիրայթինգի ժամանակ կատարած գրառումները միայն դուք եք կարդալու, որպեսզի ուրիշների հնարավոր կարդալու հանգամանքը չխանգարի լինել բաց եւ ազնիվ։
Այս ամենը չափազանց պարզ է թվում։
Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ ուսումնասիրությունները, ֆրիրայթինգը օգնում է, որ մարդը կարողանա ելք գտնել փակուղային իրավիճակներում, հաղթահարել ապատիան կամ ստեղծագործական ճգնաժամը։ Այն կարող է օգտակար լինել նաեւ բիզնես լուծումներ որոնելիս, գրքեր գրելիս, հարաբերություններ կարգավորելիս։ Բայց ամենից կարեւոր գործառույթն, ըստ իս, ինքնաճանաչողությունն է։ Ֆրիրայթինգը կարող է դառնալ անփոխարինելի գործիք՝ ճանաչելու մեր հույզերը, մտքերը, ցանկությունները, որոշակիացնելու մեր նպատակներն ու անելիքները։
Ֆրիրայթինգի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ոք ունի անելիք եւ այն իրականացնելու համար անհրաժեշտ ունակություններ։ Եվ եթե մենք գրելու միջոցով հասնում ենք ինքներս մեզ հետ անկեղծության, ապա սկսում են խոսել մեր խորքային մղումները եւ բացահայտում մեզ համար կարեւորագույնը տվյալ պահին։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում։
Երբ գրում ենք, մտքերի հոսքը մի փոքր դանդաղում է։ Մենք հասցնում ենք առավել հստակ տեսնել հայտնվող մտքերը։ Գրելու միջոցով վերցնում ենք միտքն ու դնում մեր առջեւ։ Այդպիսով փոխվում է մեր հարաբերությունը մտքերի հետ։ Մինչ այդ մեր գլխով անցնող մտքերն էին ազդում մեզ վրա, իսկ գրելով մենք որոշակիորեն անջատվում ենք դրանց ազդեցությունից, դառնում ենք սուբյեկտ՝ մեկը, ով դիտում եւ գրանցում է հայտնված մտքերը։
Սովորական իրավիճակում միտքը կարող է հայտնվել, եւ մենք ընդամենը կարող ենք զգալ դրա ազդեցությունը՝ անգամ չհասցնելով ինքներս մեզ համար ձեւակերպել այն։ Երբեմն միտքը հայտնվում է, անգամ հասցնում ենք զարմանալ կամ հիանալ, բայց հետո անցնում, գնում է, ու մի փոքր անց նորից մոռանում ենք։ Հնարավոր է նաեւ չմոռանանք, պատմենք ընկերներին, անգամ ջանանք իրականացնել այն։
Իսկ երբ գրում ենք, նկատում ենք նոր հայտնված միտքը, ու մեր ձեռքը հնարավորինս արագ փորձում է գրանցել այն։ Այս պարագայում մենք նա ենք, ով տեսնում է միտքը եւ գրելով մարմնավորում այն։
Առաջին դեպքում մենք ի հայտ եկած մտքի օբյեկտն էինք։ Ընկերների հետ զրուցելիս որոշ իմաստով դառնում ենք սուբյեկտ, բայց ոչ ամբողջապես գիտակցված։ Եվ միայն գրելիս դառնում ենք գիտակցված ներկա սուբյեկտ։
Ֆրիրայթինգի ժամանակ մարդը դառնում է միաժամանակ ե՛ւ դիտորդ, ե՛ւ կատարող։ Նկատենք՝ դասախոսություններ գրելը նպաստում է թեման յուրացնելուն։ Երբ գրում ենք, հընթացս մտածում ենք գրած մտքերի ճիշտ կամ սխալ լինելու մասին, ենթագիտակցորեն դրանք դասավորում ենք ու հարմարեցնում իրար։ Ու երբ զգում ենք որոշակի անհամաձայնություն, ներքին մղումով փորձում ենք ներդաշնակել։
Որոշակի իմաստով կարող ենք ասել, որ ֆրիրայթինգին մասնակցում է ոչ միայն միտքը, այլ նաեւ սիրտը եւ ձեռքերը։ Սիրտը մասնակցում է հենց իր զգոն վիճակով։ Երբ գրում ենք, գիտակցված կամ ոչ, հետեւում ենք, թե ինչ զգացողություններ են առաջանում, մեր գրածը որքանով է ճիշտ կամ սխալ։ Եվ դա մեր միտքը չի անում, այլ մի ուրիշ ներքին զգացողություն։ Այս պարագայում գործին է միացել սիրտը։ Իսկ ձեռքերը միացած են ի սկզբանե գրելու նրբաշարժումներով։ Այս շարժումները նպաստում են նոր մտքերի ներդաշնակորեն հայտնվելուն եւ կարծրատիպերի հաղթահարմանը։
Երբ միավորվում են միտքը, սիրտը եւ ձեռքերը, մեր մեջ արթնանում է մի ունակություն, որ կարող ենք կոչել ճշմարտացիության զգացողություն։ Կարելի է ասել, որ մեր մեջ զարգանում է մի հոգեւոր օրգան, որը զգում եւ տարբերակում է ճշմարտությունն ու սուտը, ինչպես աչքն է տարբերակում լույսը, մութը, գույները։ Այդ մասին են վկայում շատերի դիտարկումները։ Ֆրիրայթինգի մի սիրահար շատ դիպուկ էր ձեւակերպել. «Ես չեմ կարողանում ինքս ինձ խաբել երկու էջից ավել»։
Երբ մենք արագ-արագ գրում ենք, հանկարծ հայտնվում ենք մի տեղում, որտեղ ուղղակի տեսնում ենք մեր հարցերի պատասխանները ու, որքան էլ զարմանալի է, նաեւ ուժ ենք ստանում անելու այն, ինչ պետք է անենք։
Իսկ ի՞նչը կարող է լինել այսօր մեզ համար առավել կարեւոր, քան ճշմարտությունն ու սուտը միմյանցից տարբերակելը։ Սա այն է, ինչը կօգնի մեզ ազատվելու տարատեսակ հին եւ նոր պատրանքներից, չտրվելու այդքան նրբորեն մտածված շահադիտական ազդեցությունների՝ լինեն դրանք քաղաքական, բիզնես, թե ընդամենը մոդայի գովազդ։
Ամանորյա այս օրերին առաջարկում եմ անել հետեւյալ վարժությունները։ Ժամանա՛կ հատկացրեք եւ գրե՛ք ֆրիրայթինգային երկու գրություն․ առաջինը՝ այն մասին թե ընդհանուր գծերով ինչպիսին էր նախորդ տարին, իսկ երկրորդում ներկայացրե՛ք գալիք տարվա ձեր տեսլականը։ Ուղղակի գրե՛ք հարցերը եւ հետո առանց մտածելու գրանցե՛ք այն ամենը, ինչ անցնում է ձեր մտքով որպես պատասխան։ Գրե՛ք այնքան, մինչեւ կզգաք, որ բավական է։ Պետք չէ մտածել եւ հետո գրել։ Այլ պետք է գրելով մտածել։ Չի բացառվում, որ զգաք գրելու մոգական ուժը եւ գրելը դարձնեք ձեր անփոխարինելի օգնականը։
Թերեւս մարդու մարդ դառնալու ընթացքում ամենամեծ հայտնագործություններից մեկը գիրն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց գրի։ Եթե չլիներ գիրը, որտե՞ղ կլինեինք մենք հիմա։
Եթե չգիտես ինչ անել, չես հասկանում՝ ինչ ես ուզում, կամ ինչ է կատարվում, գրի՛ր քեզ հուզող հարցը: Հավատա՛, հենց հարցը ձեւակերպեցիր, պատասխանը կողքին է:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։