Եթե ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը պայմանավորված էր մեկ անձի իշխանության մնալով, ինչպես վարչապետի պաշտոնը տանձնելու որոշումը հիմնավորում է Սերժ Սարգսյանը, ուրեմն դիվանագիտությունը քսան տարում ոչինչ չէր արել։
Երրորդ նախագահի ասածի հակառակ կողմն այն է, որ եթե 2018-ին Իլհամ Ալիեւը մեռներ, կամ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունենար Ադրբեջանում, ոչ միայն պատերազմ չէր լինի, այլեւ Հայաստանը Բաքվին կպարտադրեր ԼՂ անկախության ճանաչում 1994-ի փաստացի սահմաններում։
Իրականում քառասունչորսօրյա պատերազմը «պահանջված էր» աշխարհաքաղաքական զարգացումների խորքային տրամաբանությամբ։ 1997-ը՝ նույնպես։ Որովհետեւ հենց այդ տարում էր Ռուսաստանը «երաշխիքներ ստացել», որ ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում եւ մանավանդ հետխորհրդային տարածքում «չի ծավալվի»։
Քաղաքականությունը նուրբ գործ է, ինչպես հայտնի ֆիլմում Արեւելքի մասին է ասվում։ Միմյանց «անվտանգության երաշխիքներ տվող» Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն գիտեին, որ չոր արդյունքում ստանում են «թուղթ»՝ յուրաքանչյուրը մնալով իրական մտադրությունների տիրույթում։ Ով ինչպես կօգտագործի «միջանկյալ ժամանակը»՝ տեխնիկայի հարց էր։
Հայաստանը պետք է հնարավորինս «դուրս պրծներ» ապագա դիմակայությունից։ Միակ հնարավորությունը պատերազմի վերսկսման գոնե փաստաթղթային բացառումն էր՝ ԼՂ սուբյեկտության հաստատմամբ եւ այն Ադրբեջանին «պարտադրելով»։ Սա էր առավելագույնը, երբ կարելի կլիներ երկիրը դուրս բերել «ֆորպոստի» պարտադրված վիճակից։ Ի՞նչ կստացվեր արդյունքում՝ դժվար է ասել, բայց դա միակ օպտիմալ ճանապարհն էր, որ նախագահ Տեր-Պետրոսյանը ո՛չ հայտնագործել, ո՛չ ստեղծագործել էր։ Նա ընդամենը հաշվարկել էր Հայաստանի ռեսուրսները՝ ստույգ կանխատեսելով, որ Արեւմուտք-Ռուսաստան «մեղրամիսը» ոչ բնական մի վիճակ է, եւ դիմակայությունը գալու է ինքնին։ Եվ մեր տարածաշրջանում այն դրսեւորվելու է ոչ թե Հայաստան, այլ Ադրբեջան «ունենալ-չունենալու» պրոյեկցիայով, ինչը նույնքան բնական է, որքան մեր եւ Ադրբեջանի աշխարհագրական-կոմունիկացիոն, հումքային, ժողովրդագրական, ենթակառուցվածքային ներուժի տարբերությունը հօգուտ թշնամու։
Երբ ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, նկատի են ունենում մի բան՝ կողմերի ներուժի համադրելիությունը։ Ամենահետին կրետին է նա, ով կարծում էր, որ եթե Միացյալ Նահանգներն «ունի» Իսրայել, Ռուսաստանն էլ «կունենա» Հայաստան։ Որովհետեւ Իսրայելը որքան «ամերիկյան», նույնքան էլ «ռուսական» է։ Որովհետեւ Ադրբեջանը որքան «թուրքական», նույնքան էլ, մի բան էլ ավելի, «ռուսական» է։ Որովհետեւ Ռուսաստանն առանց Ադրբեջանի չի կարող «ունենալ» ոչ թե Հարավային, այլ ամբողջական Կովկաս։ Եվ դա Ռուսաստանի ընտրությունը չէ, Ադրբեջանի ցանկությունից չի կախված, այլ աշխարհաքաղաքական պարզ իրողություն է։
Համոզվե՞լ է դրանում Ադրբեջանը։ Այո՛ (տե՛ս 2001 թվականի ռուս-ադրբեջանական Բաքվի Հռչակագիրը, որի մասին ժամանակին Վանո Սիրադեղյանն է գրել, թե սահմանվում է կովկասյան ստատուս-քվոն)։ Շահե՞լ է Ադրբեջանը։ Անկասկած։ Հայաստանը կարո՞ղ էր գոնե չտուժել։ Իհարկե։ Բայց դրա համար Հայաստանում պետք է լիներ քաղաքական տեքստ հասկացող եւ եզրակացություն անող իշխանություն, քաղաքական էլիտա։ Մեր ունեցածը «ֆիդայապետություն» էր՝ լավագույն դեպքում, եթե փորձենք ամեն ինչ բարդել ազգային ռոմանտիզմի պատասխանատվությանը (անպատասխանատվությանը)։
Երբ փորձում ես «մատդ դնել վերքին», ցնցվում ես, որովհետեւ «թարախը» բոլորովին այլ «հիվանդության պատմություն» է հուշում։ Ճիգ ես անում, որ մերժես, վանես կպչուն մտքերը, բայց իրականությունը չափազանց խոսուն է, որպեսզի տեսք ընդունես, հավատաս եւ հավատացնես, որ «չեն տեսել, չեն զգացել, սխալ են հաշվարկել»։ Քառորդ դար, երեսուն տարի քաղաքական փորձառություն անցած, ներքին կյանքում, ղարաբաղցու ասած, «յոթ թակարդից պանիր հանած» մարդիկ արտաքին, աշխարհաքաղաքական հարցերում այդքան «միամիտ» չէին կարող լինել։ Բացառված է։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն էր լինելու՝ Հայաստանի պարտությամբ։
Կարդացեք առաջին նախագահի հրաժարականի տեքստը։ Այնտեղ ստույգ կանխատեսված է, որ փորձության է դրվում ոչ թե ԼՂ, այլ Հայաստանի ապագան։ Չափավոր ազգային, առավելապես լիբերալ-պահպանողական Հայաստանը (հայկական Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակրթական ամբողջությամբ) կարող էր լինել ոչ «բլոկային» եւ ոչ «բուֆերային» պետություն։ Այդ դեպքում իմպերիականության եւ գլոբալիզմի թիրախ դառնալու էր Ադրբեջանը։ 1998-ի իշխանափոխությամբ մենք կորցրինք այդ պատմական-էպոխային պատեհությունը։ Դա, սակայն, ներկայացվեց որպես Հայաստանը «աշխարհաքաղաքական դերակատար դարձնելու եւ ազգային իրավունքները մարմնավորելու քաղաքականություն»։ Երբ ասում են՝ «Արցախը բեռ չէր», նկատի ունեն՝ իբր «հզոր էինք»։
Հայաստանը մի դեպքում էր ուժեղ լինելու, եթե կարողանար անարյուն եւ երաշխավորված գործիքակազմերով հայկական պահել Լեռնային Ղարաբաղը։ Պարտության պատասխանատուները Հայաստանի չզավակներն են։ Նույնիսկ եթե Հայաստանը տարածաշրջանային «գերտերություն դարձնելու» իրենց քարոզչությամբ լիովին անկեղծ են եղել։ (Բայց պատմությունը վստահաբար հուշում է, որ նման գաղափարները գոնե նախանցյալ դարավերջից սկսած մեզանում գերազանցապես օտարամուտ են)։
Նրանք այսօր էլ ընդդիմանում են «առանց նախապայմանների» որեւէ դիսկուրսի, ճգնում ամեն ինչ խցկել-խոթել «հերոս-դավաճան» հազար հինգ հարյուրամյա կաղապարի մեջ։ Այդպես ամեն ինչ «օրինաչափ» է։ Գիտակից Հայաստանը պարտավոր է փշրել այդ կարծրակաղապարը, բացել հայության մտահորիզոնը։ Հայաստանը հավերժ մաքառումի, զոհաբերումների, արյան եւ ավերումների փարձադաշտ չէ։ Հայաստանը երեք միլիոն մարդու Հայրենիքն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։