Դեկտեմբերի 22-ին Երեւանի Ավան վարչական շրջանի շենքում տեղի ունեցան «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլման տեղամասի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
«ՔՈՓՓԵՌ» ընկերությունը մտադիր է Ավանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում ձուլարան կառուցել։ Ինչպես տեղեկացրել էինք, ընկերության ներկայացրած նախորդ նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ բնակելի տարածքին մոտ լինելու եւ օդի հնարավոր աղտոտվածության պատճառով։
Այս անգամ ընկերությունը վստահեցրել է, որ նոր նախագծով երկու անգամ կրճատվել են արտադրական ծավալները, եւ լուծվել է բնակելի հատվածից հեռավորության հարցը։ Սակայն ներկայացված տվյալները համոզիչ չեն եղել:
«Արտադրամասի հասցեն նույնն է, բնակչության հասցեն եւս, այդ ինչպե՞ս եղավ, որ փոխվեց հեռավորությունը»,- հարցրել է բնակիչներից մեկը:
«Երեւանից ոչ շատ հեռու ամայի տարածքներ կան»,- նշել են բնակիչները՝ առաջարկելով այդտեղ կառուցել ձուլարան:
Լսումներին մասնակից քաղաքացիներից ոմանք կողմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ իրենց աշխատանք է պետք, մյուսները կտրուկ դեմ են արտահայտվել Ավանում ձուլարանի կառուցմանը: Ավանի վարչական շրջանի ղեկավարությունը, կարեւորելով բնակիչների մասնակցությունը լսումներին, շնորհակալություն է հայտնել նրանց՝ իրենց մտահոգությունները հայտնելու համար, ու վերահաստատել, որ կիսում է այդ մտահոգությունները։
Ոլորտի մասնագետներն ու բնապահպաններն արդեն հայտնել են իրենց մտահոգությունը: Դրանք հաշվի առնելով, ինչպես նաեւ ռիսկերը գնահատելով՝ շրջակա միջավայրի նախարարությունը տվել է բացասական եզրակացություն։ Ուստի բնակիչներն անտրամաբանական են համարում հասարակական լսումների նոր շարք սկսելը:
«Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանի կարծիքով Ավանը քաղաքի էկոլոգիապես համեմատաբար մաքուր ու կանաչապատ տարածքներից է, չի կարելի թույլ տալ այստեղ նման արտադրություն հիմնել: Կարելի է ջարդոնը տեղափոխել այլ տարածք, որտեղ տներ չկան, եւ ավելի քիչ վնաս հասցնել միջավայրին ու մարդկանց: Բացի այդ՝ այստեղ մոտակայքում դպրոց կա, մանկապարտեզ, սպորտային համալիր»,- ասաց տիկին Ադամյանը:
Սակայն ձուլարան հիմնել ցանկացող ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ տարածքն իրենց սեփականությունն է, նշանակությամբ արտադրական է, դեռ խորհրդային ժամանակներից, ուստի ոչինչ չի խանգարում մետաղի ձուլումն այդտեղ կազմակերպելուն:
Տիկին Ադամյանը նրանց հիշեցրել է Օրհուսի կոնվենցիայի մասին, որի վավերացմամբ Հայաստանի Կառավարությունը պարտավորվել է հաշվի առնել հանրության կարծիքն ու ապահովել նրանց մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Նրա կարծիքով անհրաժեշտ է դիմել տարածքի մյուս՝ սննդի ու դեղագործական արտադրություններին, կրթօջախներին, բուսաբանական այգու տնօրենությանը, քանի որ դրա վրա էլ կարող է ազդել ձուլարանի գործունեությունը:
«Ճիշտ է, դեռ փորձագետները պետք է ուսումնասիրեն ՇՄԱԳ փաթեթը, կարծիք գրեն, բայց ես համոզված եմ, որ թռչունների վրա կազդի նման գործունեությունը, իսկ բուսաբանական այգում 100-ից ավելի տեսակի թռչուններ կան: Հետո մարդիկ իրենց հանգիստն են այգում անցկացնում: Ուստի իրենց համառությունը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ»,- ասաց տիկին Ադամյանը:
«Մեկ առողջություն» կոալիցիայի անդամները պատկան մարմիններին ուղղված նամակ են պատրաստել: Ավանի բնակիչները, հասարակական կազմակերպությունների ու Երեւանի մտահոգ քաղաքացիների հետ համատեղ մեկնարկել են ստորագրահավաք՝ քաղաքային ու պետական իշխանություններից պահանջելով անհապաղ դադարեցնել Ավան վարչական շրջանի արդյունաբերական համարվող գոտում գտնվող թափոնների տեղակայման բաց պահեստարանում «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից ձուլման արտադրամաս տեղակայելու գործընթացը։
«Հետամուտ լինելով մեր սահմանադրական իրավունքի իրացմանը՝ վերահաստատում ենք մեր վճռական առարկությունը մարդու առողջությանը ու բնությանը սպառնացող արդյունաբերական այս նախաձեռնության վերաբերյալ եւ պահանջում Երեւանի քաղաքային իշխանությունից, ՀՀ պետական իշխանությունից մերժել ձուլարանի կառուցումը տվյալ տարածքում, ինչպես նաեւ բնակավայրերին մոտ ցանկացած այլ հատվածում»,- նշված է նամակում:
Տեղեկացնենք, որ սա վերանայված ՇՄԱԳ գործընթացի առաջին հանրային լսումն էր: Ըստ կարգի նախատեսված է եւս երեքը: Բայց բնակիչներն ու բնապահպանները հուսով են, որ բանը դրանց չի հասնի:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։