ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ Իրաքի իշխանությունները կվերակառուցեն եզդիական Շանգալի (Սինջարի) շրջանը։
«Իրաքի կառավարության որոշմամբ Շանգալի (Սինջարի) շրջանի վերակառուցման համար ստեղծվել է վերակառուցման կոմիտե եւ19 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել շրջանի վերականգման աշխատանքների իրականացման համար»,- ֆեյսբուքյան գրությամբ նշել է պատգամավորը։
Բաքոյանը բարձր է գնահատել Իրաքի կառավարության քայլը՝ նշելով, որ դա իր մեծ խորհրդով ու նշանակությամբ զգալի նպաստ կբերի խնդիրների ու դժվարությունների հանգուցալուծման գործում։
2014-2015 թվականներին «Իսլամական պետության» գրոհայինները Սինջարի եզդիական բնակչության զանգվածային սպանություններ են իրականացրել։
Իրաքի հյուսիսային այս տարածաշրջանում ապրում են նաեւ քրիստոնյաների փոքր համայնքներ (մասնավորապես ասորիներ, ինչպես նաեւ փոքր թվով հայ ընտանիքներ)։ Հայաստանում ապրում է մոտ 50 հազար եզդի, ինչպես նաեւ 6000-7000 ասորի։