ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5%-ը, ինչի շնորհիվ արձանագրվում են հիվանդացության եզակի դեպքեր:
«Արձանագրված դեպքերում, հիմնականում, այդ բուժաշխատողները պատվաստված չեն լինում»,-ընդգծել է Աբովյանը:
Նա նշել է, որ Հայաստանում 2020-ի մարտից մինչեւ 2021-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 2297-ը՝ կամ 31%-ը բժիշկներն են, 3238-ը կամ 43%-ը՝ բուժքույրերը, 893-ը կամ 12%-ը՝ մայրապետները, 1053-ը կամ 14%-ը՝ այլ աշխատողներ:
Ըստ պաշտոնյայի՝ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020-ի հոկտեմբերին: Դրանից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է:
Վարակվածների 59%-ը կանայք են, ՔՈՎԻԴ-19-ից մահացածների 57%-ը՝ տղամարդիկ
Ռոմելլա Աբովյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41%-ը կազմում են տղամարդիկ, 59%-ը՝ կանայք: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանում Քովիդ-19-ից մահացածների 57%-ը տղամարդիկ են, 43%-ը՝ կանայք:
Աբովյանը հավելել է, որ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում: