Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քասըմին երկիրը լքած բոլոր քրիստոնյաներին հորդորել է վերադառնալ հայրենիք ու դառնալ երկրի վերածննդի մասնակիցը:
Բաղդադի Սուրբ Հովսեփի տաճարում սուրբծննդյան պատարագին ներկա վարչապետը հավելել է, որ քրիստոնյաները նշանակալի դեր ունեն Իրաքում, եւ պետք է խրախուսել, որ նրանք մնան երկրում:
Նա նշել է, որ երկրի իշխանությունների առաջ այժմ խնդիր կա մարդկանց հույս ներշնչելու եւ երկրի անկախությունը ամրապնդելու առումով: Ըստ Մուստաֆա ալ-Քասըմի՝ հենց երկխոսությունն է այն ճանապարհը, որը, անկախ կրոնական պատկանելությունից, կկանխորոշի բոլոր իրաքցիների ապագան:
Իրաքում մինչեւ 2003-ը բնակվել է 1,5 մլն քրիստոնյա, սակայն 2021-ի մարտի տվյալներով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի:
Պատմական տեղեկանք
Հայերն Իրաքում հայտնվել են Աբբասյան խալիֆայության ժամանակ 7-12-րդ դարերից ի վեր: 1638-ին թուրքական Սուլթան Մուրադ Չորրորդը Բաղդադը գրավելուց հետո հայերին քաղաքում բնակվելու արտոնություն է շնորհել, որից հետո կազմավորվել է հայ համայնքը եւ դարձել Միջին Արեւելքի ավանդական եւ բարգավաճ համայնքներից մեկը:
1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել ցեղասպանությունից փրկված տարագիր 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացել է Իրաքից, մի մասն էլ հայրենադարձվել Հայաստան: Մինչեւ 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը մոտ 25 հազար էր, որից մոտ 15-17 հազարը բնակվել է Բաղդադում:
Ներկայում իրաքահայերի թիվը 7000-8000 է: Նրանց մեծ մասը, ի տարբերություն Հյուսիսային Իրաքի հայերի, որոնք գործածում են քրդերենը, խոսում են հայերեն` որպես իրենց մայրենի լեզու, եւ արաբերեն` որպես պետական լեզու: