Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Անկարան ու Երեւանը կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների անմիջական շփումների»,- նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Ստամբուլ–Երեւան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։