Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը եւ Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու բնական իրավունքներին
Արման Թաթոյանը եւ Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել են, որ Հայաստանի վարչապետի 2021-ի դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու եւ մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:
«ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն եւ ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետեւողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ եւ այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ»,- նշված է հայտարարությունում:
Անտեսված է հայաթափման քաղաքականության փաստը
Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երը հավելել են, որ ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետեւողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով եւ այլ անօրինական միջոցներով:
«Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ եւ այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով»,- ընդգծել են ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երը:
Ադրբեջանական զինծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում
Արման Թաթոյանը եւ Գեղամ Ստեփանյանը հավելել են, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողները, պաշտոնական Բաքվի հովանավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների եւ ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը:
Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաեւ Հայաստանի բնակչության նկատմամբ:
Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ:
Հիմնավորում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը
Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ՀՀ վարչապետի գնահատականները համարում են խիստ վտանգավոր: Ըստ ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երի՝ դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը եւ ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները:
«Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն»,- նշված է հայտարարությունում:
Արման Թաթոյանը եւ Գեղամ Ստեփանյանն այն համոզմունքն են հայտնել, որ ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում:
Պարարտ հող է ապահովում ադրբեջանական խախտումների համար
Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ իրենց համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ:
«Ուստի բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաեւ զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,- նշված է Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունում: