Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ մարդկությունը պետք է միավորի ուժերը՝ 2022-ի երկրորդ կեսին բնակչության 70 տոկոսի պատվաստմանն ու կորոնավիրուսի հաղթահարմանը հասնելու համար։
Գեբրեյեսուսը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է շարունակեն առողջապահության ոլորտում միջոցներ ձեռնարկել նոր մանրէահիմքերի ուսումնասիրման համար։
ԱՀԿ ղեկավարը հորդորել է դիմակ դնել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու խուսափել մարդկային կուտակումներից։ Բացի դրանից՝ այժմ կարեւոր են առողջապահության ոլորտում անվտանգության ավելի արդյունավետ եւ հուսալի համակարգերի ստեղծումն ու առաջնային բժշկասանիտարական համակարգի ֆինանսավորումը։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 276 միլիոն մարդ։ Մահացել է 5.3 միլիոնը։
Կորոնաթվերը ՀՀ-ում
Հայաստանում դեկտեմբերի 27-ի 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344540 դեպք, որից՝ 330841 առողջացած, 7950 մահվան դեպք: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 59-ով, կա 248 առողջացած, 7 մահվան դեպք: Կատարվել է 4669 թեստավորում, ընդհանուր՝ 2540319-ը։
Պատվաստումները ՀՀ-ում
Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1626738 պատվաստում։ Առաջին չափաքանակով պատվաստվել է 934028 մարդ, երկրորդով` 692082-ը: