Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Союзники. ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունութամբ:
«Հասկանալի պատճառներով` մեզ առաջին հերթին մտահոգում է ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին ճգնաժամային երեւույթների աճը։ Աֆղանստանի տարածքից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի եւ Բելառուսի վրա ԱՄՆ-ի ճնշում գործադրելը, եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը` ճնշել այլ պետություններին, Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը»,- ասել է Զասը՝ անդրադառնալով անցնող տարում կառույցի պատասխանատվության գոտու ռիսկերին եւ սպառնալիքներին։
Նա ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրությամբ հետեւում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը եւ մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Երեւանից, որտեղ ստեղծված իրավիճակը հանգամանորեն քննարկել է Հայաստանի ղեկավարության հետ:
«Բարձր եմ գնահատում Լեռնային Ղարաբաղում շատ կարեւոր խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունահեղ պատերազմի հետեւանքների կարգավորման հարցում: Ռուսաստանի այդ ջանքերը թույլ են տվել դադարեցնել մարտական գործողությունները, պահպանել մեծ թվով կյանքեր, սեղմ ժամկետներում վերականգնել մարտական գործողություններից տուժած շրջանները, նրանց բնակիչներին ապահովել սննդով, հագուստով եւ դեղորայքով»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել է պաշտոնյան։
ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին։ Կազմակերպությունը դա միակ ելքն է համարում։